Երեւանում, ապրիլի 7-ին, գողության դեպքեր են տեղի ունեցել «Նոր Զովք» սուպերմարկետներից։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնում Բաբաջանյան փողոցում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի տագնապային ազդանշանը միացել է։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 02։55-ի սահմաններում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի շերտավարագույրները բացել են և այնտեղից գողացել «Իզի Փեյ» վճարային տերմինալը։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված վճարային տերմինալը վնասված և թալանված վիճակում հայտնաբերել են Արգավանդ գյուղի կենտրոնական 2-րդ փողոցում։
Բացի այդ, ապրիլի 7-ին, ժամը 05։30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ Դերենիկ Հունանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով Արշակունյաց պողոտա 54/49 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից գողացել են «Իզի Փեյ»-ի հաշվարկային տերմինալը։




























