Հունիսի 18-ին, ժամը 22:30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում, շատըրվանների մոտ Երեւանի ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության (կարմիրբերետներ) աշխատակիցները փորձում էին մի երիտասարդի բերման ենթարկել ոստիկանություն:

Դեպքին ականատես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնեց, որ երիտասարդը դիմադրում էր եւ ոստիկաններին սպառնում, թե ինքը «ԿԳԲ»-ից է եւ «բոլորի հարցերը լուծելու է»:

Այդ ամենը տեւեց մոտ 10-15 րոպե: Այնուամենայնիվ ոստիկաններին հաջողվեց երիտասարդին բերման ենթարկել, իսկ այնուհետ պարզվեց, որ նա Audi մակնիշի կարմիր գույնի 08 ՍՍ 707 համարանիշի ավտոմեքենայով է: Ավտոմեքենան հրապարակից տարան քարշակի միջոցով: Երբ ոստիկանները նրան եւ մեքենան տարան, հավաքված մի ականատես, ովքեր հավանաբար բերման ենթարկվածի ծանոթներն էին, նկատեցին, որ «տղեն մի քանի բաժակ խմել էր, հարամ արին, չթողեցին, որ իր կայֆով մնար, տարան Նորոյին»:

«Նորոն» 31-ամյա Նորայր Համբարձումյանն է: Վերջինիս ավելի ուշ Կենտրոնականի բաժնից տեղափոխել են դիսպանսեր եւ պարզել են, որ նա եղել է անսթափ վիճակում:

Կենտրոնականի բաժին էր ժամանել նաեւ Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանը: 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի