Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Իտալիայի դեսպանին՝ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հայտարարության կապակցությամբ, ով վերջինիս բռնապետ է անվանել, գրում է Sabah-ը:

Twitte-ում հաղորդագրության մեջ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Դրագիի «անընդունելի, պոպուլիստական ​​ու տգեղ» հայտարարություններն Էրդողանի հասցեին: Նա հավելել է, որ Թուրքիան «հետ է վերադարձնում» արված դիտողությունները:

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Իտալիայի դեսպանն անմիջապես կանչվել է՝ Էրդողանի հասցեին «անընդունելի» արտահայտությունների պատճառով: Արտաքին գործերի փոխնախարար Ֆարուք Քայմաքչին դեսպանին ասել է, որ Թուրքիան դատապարտում եւ ակնկալում է, որ Իտալիան կհետ վերցնի իր դիտողությունները: Նա նաեւ նշել է, որ Էրդողանի հետ Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարների նստեցման հետ կապված հայտարարություններն «անընդունելի» են: Քայմաքչին հավելել է, որ Թուրքիան դեմ է ԵՄ-ի հետ անիմաստ վեճերին եւ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ դրական զարգացումները սաբոտաժի ենթարկելու փորձերն «անօգուտ» է համարում:

Նախագահի աշխատակազմի՝ հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ Իտալիայի վարչապետն «անցել է սահմանը»: «Բռնակալ փնտրողները պետք է նայեն Իտալիայի պատմությանը»,- շարունակել է նա: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ է համարում, ում հետ պետք է համագործակցել:

«Այս բռնապետերի հետ, սակայն, պետք է համագործակցել, դուք պետք է անկեղծ լինեք՝ ձեր դիրքորոշումը հաստատելու համար, բայց նաեւ պատրաստ լինեք համագործակցել ձեր շահերից ելնելով: Պետք է ճիշտ բալանս գտնել»,- ասել է Դրագին: Նա հայտարարել է, որ «չի կիսում» Էրդողանի պահվածքը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ: «Կարծում եմ ՝ դա անպատշաճ էր»,- ասել էր Դրագին:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեքշաբթի Անկարայում հանդիպել էր ֆոն դեր Լյայենի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հանդիպման՝ համացանցում հրապարակված կադրերում երեւում է, որ կազմակերպիչները բանակցողների համար ընդամենը երկու աթոռ են տրամադրել Եվրամիության եւ Թուրքիայի դրոշների ֆոնին: Դրանցից մեկը զբաղեցրել էր Միշելը, իսկ երկրորդը՝ Էրդողանը: ԵՀ-ի ղեկավարը ստիպված էր բազմոցին նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի դիմաց, ով, դիվանագիտական ​​արարողակարգի համաձայն, ավելի ցածր աստիճան է: