Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում կարգավորման խնդիրները, հաղորդվում է Կրեմլի կայքում:

«Անդրադարձ է արվել Լեռնային Ղարաբաղում կարգավորման խնդիրներին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի կայունությունն ապահովելու հարցում 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին եռակողմ հայտարարությունների իրագործման հիման վրա: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումների արդյունքների մասին: Միասնական կարծիք են հայտնել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքը վերականգնելու շուրջ աշխատանքն ակտիվացնելու անհրաժեշտության մասին»,-նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաեւ իրավիճակը Սիրիայում:

«Սիրիայում իրավիճակը քննարկելիս կարեւորվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի դերը դրությունը կայունացնելու եւ միջսիրիական բանակցությունները կանոնակարգելու հարցերում: Նշվել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդիականությունը, մասնավորապես, Իդլիբ նահանգում»,-ասված է հաղորդագրության մեջ: