Քաղաքական ուժերի մեծ մասը պատրաստվում է հունիսի 20-ի ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը` անդրադառնալով երկրի ներքաղաքական վիճակին:

«Հիմնական մրցակիցները «Քաղաքացիական պայմանագիրն» է եւ նրա փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ «Քոչարյան» դաշինքը, որտեղ դեռեւս չգիտենք, թե քանի ուժ է լինելու, բայց դատելով հարցազրույցից՝ հավանաբար 2-ը։ Այս պահի դրությամբ այդ երկու ուժերն են հիմնական խաղացողները, կան նաեւ երկրորդ էշելոնի ուժեր՝ «Բարգավաճ Հայաստանը»։ Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի հայտ ներկայացնելուն, դա քիչ է, պետք է ունենաս քաղաքական ուժ, որովհետեւ ընտրությունը նաեւ զանգվածային կազմակերպչական աշխատանքների անցկացում է, ներկայիս դրությամբ այդ անձը չունի արդեն ստեղծված քաղաքական ուժ։ Երրորդ էշելոն կարող ենք համարել ԼՀԿ-ին եւ Սասնա ծռերին՝ Ազգային ժողովրդական բեւեռով։ Չորրորդ էշելոնում են գտնվում տարատեսակ նորաբաց կուսակցությունների անդամները, որոնք զրոյական ազդեցություն են ունենալու ընտրությունների արդյունքների վրա։ Կա նաեւ «Հայրենիքի փրկության շարժումը», որը փորձում է մարզեր գնալ եւ իր այն ծրագիրը, որը նա նախօրոք ասել էր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում եւ նրանց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանավոր կառավարության կազմում։

Բայց ինչպես տեսնում են՝ այս պահի դրությամբ եւ գուցե հետագայում նույնպես այդ ծրագիրը իրականություն չի դառնա եւ «Հայրենիքի փրկության շարժում»-ը ըստ էության այլեւս գոյություն չունի։ Միակ դրական գործը, որ նրանք կարող են անել այն է, որ գնալով մարզեր կարող են մի փոքր քաղաքական էներգետիկա հաղորդել մարզերում բնակվող ընտրողներին եւ այսպես ասած՝ տաքացնել, եւ երբ ընտրարշավը կսկսվի, ապա այն ուժերը, որոնք գնալու են մարզեր, արդեն կհանդիպեն մի փոքր ավելի ակտիվ ընտրողների։ Եթե իհարկե «Հայրենիքի փրկության շարժումը» շարունակի իր այցելությունները եւ ավելի գրագետ քարոզարշավ իրականացնի»,-ասաց նա։

Հարցին, թե հնարավոր է` Նիկոլ Փաշինյանը հրաժարվի արտահերթ ընտրությունների գնալու մտքից, քաղաքագետը այն քիչ հավանական համարեց, ընդգծելով, որ  թե՛ Ռուսաստանից, թե՛ Արեւմուտքից ազդակներ կան, որ անհրաժեշտ է անցկացնել ընտրություններ:

«Չի բացառվում, որ ընտրություններ չլինեն, բայց համաձայն անուղղակի ստացվող տեղեկությունների՝ ընտրություններ անցկացնել պահանջել են թե՛ Ռուսաստանից, թե՛ Արեւմուտքից, որ հստակեցնեն՝ արդյոք գործող վարչապետը քաղաքական կշիռ ունի, որ շարունակեն հարաբերությունները, թե նրա հետ այլեւս նա իրենից ոչինչ չի ներկայացնում։ Եթե վարչապետը հրաժարվի ընտրություններ անցկացնել, թե՛ Ռուսաստանից, թե՛ Արեւմուտքից կարող է արժանանալ բացասական վերաբերմունքի, իսկ մեր երկիրն այն վիճակում է, որ եթե մի փոքր էլ բացասական վերաբերմունքի արժանանա գերտերությունների կողմից, որպես պետություն շատ ավելի ծանր վիճակի կհանգեցվի»,- հավելեց նա։