Գերմանիան ԱՄՆ-ի հետ համաժամեցնելու է Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրեթ Քրամփ-Կարենբաուերը՝ հավելելով, որ ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն որոշում կկայացնի այդ մասին Դաշինքի հատուկ նիստից հետո, հայտնում է Reuters-ը:

«Ես կողմ եմ զորքերի կանոնավոր դուրսբերմանը եւ ակնկալում եմ, որ մենք դա (ՆԱՏՕ-ում) կլուծենք այսօր»:

Դա կնշանակեր նաեւ, որ Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի մաս, համաժամեցնելու է իր դուրսբերման ծրագրերը Միացյալ Նահանգների հետ, նշել է նա:

Ըստ Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կհայտարարի մինչեւ սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից ԱՄՆ զինված ուժերի ամբողջական դուրսբերման մասին:

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներն այս հարցը կքննարկեն այսօր կեսօրին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ նախատեսված տեսահանդիպմանը:

Գերմանիան՝ շուրջ 1000 զինծառայողով, երկրորդ ամենամեծ զորախումբն ունի Աֆղանստանում ԱՄՆ-ից հետո: