Հունիսի 17-ին տեղի է ունեցել Երեւանի քաղաքաշինական խորհրդի նիստը, որի օրակարգում քննարկման է դրվել ՀՀ Կառավարական շենքի բակում Ալ.Թամանյանի նախագծով նախատեսված թմբուկի կառուցման հարցը: Նիստը վարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է թմբուկի կառուցման անհրաժեշտության քաղաքաշինական հիմնավորումները: Մասնագիտական ակտիվ քննարկումներ են ծավալվել եւ ներկայացված հանրային մեծ հետաքրքրություն ունեցող հարցի շուրջ:
Իրենց կարծիքներն ու տեսակետներն են արտահայտել խորհրդի գրեթե բոլոր անդամները: Արդյունքում խորհրդի ներկա գտնվող 24 անդամներից 21-ը քվեարկությամբ կողմ են արտահայտվել թմբուկի կառուցման ծրագրին եւ այդ կառույցը վարչական նշանակությամբ օգտագործելու առաջարկին /1դեմ, 3 ձեռնպահ/:
Առաջարկվել է նախագծի վերջնական տարբերակի մշակումից հետո այն ներկայացնել խորհրդի համաձայնեցմանը:




























