Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ առարկայական օլիմպիադաներում լավագույն արդյունք գրանցած աշակերտներն այս տարի ամառային հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի «Ալիք» հանգստյան տանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի դպրոցներում սովորող 64 աշակերտների սպասվում է անակնկալներով ու հետաքրքրաշարժ առօրյայով 11 օրյա հանգիստ:

Երեխաների առաջին խումբը հունիսի 20-ին ուղեւորվեց Ծաղկաձոր.

«Քաղաքապետը տարվա ընթացքում հետեւողական է եղել դպրոցներում կրթության վերջին բարեփոխումների հետ կապված զարգացումներին եւ այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես առարկայական օլիմպիադաներում աշակերտների գրանցած արդյունքներին: Հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը առանձնակի է կարեւորում կրթության դերը երկրի զարգացման գործում, որպես խրախուսման եղանակ ընտրեց այս տարբերակը»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Քաղաքապետի հանձնարարությամբ հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների ժամանցի կազմակերպմանը եւ սննդակարգին:

Ծրագրի բոլոր մանրամասները նախօրոք ներկայացվել են երեխաների ծնողներին: Ողջունելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, ծնողներն էլ իրենց հերթին նշել են, որ այն մեծ ոգեւորություն կառաջացնի նաեւ մյուս աշակերտների մոտ եւ հույս հայտնեցին, որ նրանք եւս կձգտեն լավ սովորել ու օգտվել ամառային հանգստի նման հնարավորությունից: