Երեւանում շարունակվում են ապօրինի եւ պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Երկրորդ փուլով բոլոր վարչական շրջաններում գույքագրված կրպակներից արդեն ապամոնտաժվել են 157-ը, իսկ մինչեւ հուլիսի 1–ը, ըստ վարչական շրջանների ներկայացրած տեղեկատվության, կապամոնտաժվեն եւս 245–ը:
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը մեկ անգամ եւս շեշտելով, որ մայրաքաղաքը պետք է մաքրել կրպակներից եւ սիզամարգերի, մայթերի եւ բանուկ այլ հատվածների հաշվին կրպակների տեղադրման թույլտվություն չի տրվելու, քաղաքապետը հանձնարարել է հետեւողականորեն շարունակել եւ կարճ ժամկետում ավարտել գործընթացը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է ուսումնասիրել եւ առաջարկություն ներկայացնել մայրաքաղաքի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի եւ շինությունների ճակատային մասերում օդորակիչներ տեղադրելու խնդիրը կանոնակարգելու ուղղությամբ:
Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել եւ ըստ ամենայնի օժանդակել Համահայկական խաղերի անցկացմանը:
Ընդառաջելով օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շրջակա տարածքում տնտեսվարող սուբյեկտների խնդրանքին` քաղաքապետը հանձնարարել է ժամը 10:00–ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում օպերայի հարակից տարածքում թույլատրել մատակարարող տրանսպորտային միջոցների կայանումը: Հանձնարարվել է հետեւողական խիստ վերահսկողություն սահմանել շինանյութ տեղափոխող մեքենաների վարորդների կողմից սահմանված կարգը պահպանելու նկատմամբ:




























