Հայաստանում արական սեռի ներկայացուցիչների թվաքանակի աճը կարող է բերել մի շարք բացասական հետեւանքների, որոնց լուծման ուղղությամբ տասնյակ տարիներ կպահանջվեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կանխատեսում արեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` անդրադառնալով Հայաստանում արական եւ իգական սեռերի բնական հավասարակշռության խախտման պատճառներին: Նա վկայակոչեց հայկական մենթալիտետին հատուկ մի շարք առանձնահատկություններ, որոնք էլ, հնարավոր է, դառնում են աղջիկ երեխա ունենալուց հրաժարվելու պատճառ` նպաստելով սեռային անհավասարակշռության խորացմանը:
«Հայաստանի նման երկրները, որոնք գտնվում են ոչ շատ բարեկամական շրջապատում եւ ունեն ազգապահպանման խնդիր, կարեւոր են համարում տղա երեխա ունենալը, որպեսզի նա դառնա զինվոր եւ լուծի ազգային անվտանգության խնդիրը: Սակայն մոռացվում է նշել, որ զինվոր ունենալու համար հակավոր է, որ ծնվեն աղջիկներ, որոնք կին դառնալով պետք է ծնեն այդ զինվորներին: Ուստի` սխալ է միանշանակ պնդելը, թե մեզ ավելի շատ տղաներ են հարկավոր, քանի որ դրա հետեւանքը կարող է լինել այն, որ աղջիկներ ավելի քիչ ծնվեն եւ պարտադրված»,-նշեց Հայրապետյանը:
Նրա խոսքով` մարդկությունն ապրում է մի ժամանակաշրջան, երբ ընտանիքների թիվն ամբողջ աշխարհում պակասում է. եթե աֆրիկյան ընտանիքներում նախկինում ծնվում էր 8-10 երեխա, ապա այժմ այդ թիվը նվազել է` հասնելով 5-6-ի: Նույնն է իրավիճակը նաեւ Հայաստանում. եթե մի քանի տասնյակ տարի առաջ ամեն մի կին ունենում էր 3- 3,5 երեխա, ապա այսօր ծնելիության ցուցանիշը 1,5 է:
«Նախկինում` հատկապես ինդուստրալացման ժամանակաշրջանում, ընտանիքներում մեծ թվով երեխաներ էին ծնվում, քանի որ երեխան վեց տարեկանից սկսած կարող էր գնալ որեւէ գործարան ու մեխը մի կետից մյուս տեղափոխելով` ընտանիքի համար փող բերել: Սակայն մարդկության զարգացման ընթացքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեխն այլ եւս մարդը չի տեղափոխում, այլ` տեխնիկան: Եւ երեխան տնտեսագիտական դիտանկյունից, դարձավ ոչ շահավետ ռեսուրս: Ըստ համաշխարհային վիճակագրության`աշխարհում միջինը մեկ երեխայի վրա ծախսվում է 17 տարի` կերակրելու, կրթության տալու համար, եւ հարց է, թե դրանից հետո այդ երեխան ընտանիքին եկամուտ կբերի՞, թե՞ ոչ: Եւ այս իրավիճակում, երբ ունենք փոքրացող ընտանիքի տենդենց, ցեղը շարունակելու ասիական առանձնահատկությունը, որը տիպական է նաեւ հայկական մտածելակերպին, խաղում է իր դերը. մարդիկ ուզում են տղա երեխա ունենալ` որպես ցեղի շարունակող եւ, հայկական սովորության համաձայն, որպեսզի նրան կոչեն իրենց հոր կամ պապի անունով»,-նշեց Հայրապետյանը:
Հայաստանում տղամարդկանց թվի աճը Հայրապետյանին տխուր կանխատեսումների առիթ է տալիս: Սեռերի թվային անհավասարակշռությունը կարող է բերել կնոջ իրավունքների սահմանափակումների, խախտումների, նաեւ` թրաֆիքինգի, առեւանգումների, նույնասեռականության եւ այլն: Հայրապետյանն այս համատեքստում նշեց Չինաստանի փորձը. այդտեղ ամուսնանալու տարիքի տղամարդկանց` 40 միլիոնով ավելի լինելը բերել է կրիմինալի 25 տոկոսով աճի: «Դեպքեր կան, որ մի կնոջ հետ ապրում են երեք, չորս եղբայրներ»,-ի հավելումն ասաց Հայրապետյանը:
Նա նշեց այն հակափաստարկը, որը բերվում է Հայաստանի մասին խոսելիս, թե` մեզ Չինաստանի հեռանկար չի սպառնում, քանի որ հայ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի: Այս արգումենտն, ըստ Հայրապետյանի, շատ վատ տեսլականի մասին է խոսում, քանի որ. «Եթե տարեկան 3-4 հազար տղա երեխաների ծնունդը փորձ է արվում կոմպենսացնել այն հիմնավորմամբ, որ նրանք 20 տարի հետո մեկնելու են արտագնա աշխատանքի, դա նշանակում է, որ մեր երկրում 20 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվելու, եւ 20 տարի հետո էլ տիրելու է մի իրավիճակ, երբ բոլորը կցանկանան գնալ այստեղից: Միգուցե այդ դեպքում արժե՞ պայմաններ ստեղծել, որպեսզի դրսից կանայք գան Հայաստան` լրացնելու կանանց «դեֆիցիտը»»,-նկատեց նա:
Հենց այս` սեռային հավասարակշռության խախտման պատճառները վեր հանելու նպատակով էլ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այդ թվում եւ Հայաստանում, հունիսի 14-ից իրականացնում է հետազոտություն: Այն իրականացվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության եւ առողջապահության նախարարության աջակցությամբ: Հետազոտությունը իրականացվելու է երեք զուգահեռ ուղղություններով. ուսումնասիրվելու են Հայաստանի շուրջ 2800 տնային տնտեսություններ, պարզելու, թե որոնք են տղա երեխաներին նախապատվություն տալու պատճառները: Ուսումնասիրություններ կկատարվեն նաեւ հայաստանյան հիվանդանոցներում, որտեղ էլ իրականացվում է «անցակալի» սեռի երեխայից ձերբազատվելու գործընթացը: Կկազմակերպվեն նաեւ կլոր սեղաններ, որոնց կհրավիրվեն աբորտի ենթարկված կանայք: Նրանց հետ զրույցի ընթացքում վեր կհանվեն այն պատճառները, որոնք հանգեցրել են աղջիկ երեխաների աբորտին:
«Տղայապաշտության» օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճաները վեր հանելուց հետո հետազոտություն կազմակերպիչները կիրականացնեն տարբեր միջոցառումներ, որոնց միջոցով փորձ կարվի կանխարգելել աղջիկ երեխաների սպանդը` բարձրացնելով նրանց դերը հասարակության մեջ, անշուշտ, հաշվի առվելով հայկական մենթալիտետի առանձնահատկությունները: Միջոցառումներն իրականացնելիս հաշվի կառնվի միջազգային փորձն այդ ուղղությամբ (օրինակ մինչեւ ծնվելը երեխայի սեռն ասելը, աբորտի սահմանափակումը եւ այլն):
Մինչեւ տարեվերջ հետազոտության տվյալները կներկայացվեն հասարակության դատին:
Պատրաստեց Հեղինե Մանուկյանը



























