NEWS.am-ի խմբագրությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նամակ-ուղերձը`  հունիսի 15-ից 24-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած «Խաչքարի արվեստ` հայկական սուրբ քարեր» փարիզյան ցուցահանդեսին նվիրված հոդվածի հեղինակին:

Հիշեցնենք, որ մի շարք ֆրանսիական լրատվամիջոցներ հաղորդել էին ցավալի միջադեպի մասին. լուսանկարչական ցուցահանդեսում խաչքարերի ծագման տեղի մասին գրառումները հանվել էին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ վերաբերմունքը քննադատել էր հայ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որը միջազգային կառույցներին մեղադրել էր մշակութային եւ ոչ միայն մշակութային ցեղասպանության քաջալերման մեջ:

Ֆրանսիական «RFI» ռադիոկայանի ռուսական ծառայությունը զրուցել էր ցուցադրության հեղինակ Զավեն Սարգսյանի հետ: Նա հայտնել էր, որ «ճնշված է զգում»: «Մենք զրկվեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին ունեցած պատրանքներից», - հայտարարեց Սարգսյանը: Նրա խոսքով, ցուցահանդեսում ներկայացված են եղել լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ դեռեւս 10 տարի առաջ ադրբեջանցիները սկսել են ոչնչացնել հսկայական հայկական գերեզմանոցը: «Այդ գերեզմանոցը Նախիջեւանում է: Նրանք (ՅՈՒՆԵՍԿՕ) գալիս եւ ասում են, որ այն, ինչ Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքում է` հանեք: Դուք պետք է համաձայնեցրած լինեիք նրանց հետ», - պատմել է Սարգսյանը:

«Nouvelle d`Armenie» կայքը գրել էր, որ այդ միջադեպը ձախողեց հանդիսավոր իրադարձությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, որն աջակցել էր ցուցահանդեսի կազմակերպմանը, հրաժարվեց մասնակցել բացման արարողությանը:

Վերջապես, հունիսի 20-ին սկանդալային մեղադրանքներին արձագանքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

NEWS.am-ի խմբագրությունում ստացված նամակում հեղինակները, մասնավորապես, հայտարարում են. «ՅՈՒՆԵՍԿՕ-ն կցանկանար հստակ հայտարարել, որ մեր Կազմակերպությունը գրաքննության չի ենթարկել ցուցահանդեսը»:

«2006 թվականին վավերացնելով Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիան` Հայաստանը, «ճանաչեց ոչ նյութական մշակութային ժառանգության անգնահատելի դերը որպես մարդկանց մերձեցնող եւ փոխըմբռնման ու փոխանակությանը նպաստող գործոն»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության Ցուցակում ներառելու համար Ներկայացնելով խաչքարերի սիմվոլիկան եւ դրանց ստեղծողների վարպետությունը` Հայաստանը նաեւ պարտավորվեց քարոզել ժառանգությունն ու վարպետությունը, որը կարող է համարվել տարբեր մշակույթների եւ տարբեր երկրների սեփականությունը: Հայաստանը նաեւ հավաստիացրել էր, որ խաչքարերի ընդգրկումը Ցուցակում կնպաստի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածմանն ու հանրածանոթ դարձնելուն եւ կխրախուսի երկխոսությունը», - նշում են նամակի հեղինակները:

Ուղերձում նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ողջունել էր մշակույթի հուշարձաններում այդ ոգին արտահայտող սիմվոլիկային եւ վարպետությանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման Հայաստանի մշտական ներկայացուցչության նախաձեռնությունը:

Նամակի հեղինակները հայտարարում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բազմաթիվ երկրների շահերին վերաբերող որեւէ միջոցառման անցկացման դեպքում այդ երկրների հետ նախնական խորհրդատվությունը պարտադիր է:  «Ցավոք, տվյալ դեպքում այդ կարեւորագույն պայմանն ամբողջովին կատարված չէր», - ասվում է նամակում:

«Ցուցահանդեսին ներկայացրած ցուցանմուշներին ծանոթանալուց հետո, պարզ դարձավ, որ դրանցից մի քանիսը կարող են վնասել միջազգային փոխըմբռնման եւ համագործակցության ոգուն, որով համակված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբողջ գործունեությունը կամ էլ դուրս են գալիս Կազմակերպության մանդատի սահմաններից: Դրա վրա էր հրավիրվել կազմակերպիչների ուշադրությունը, եւ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը համաձայնեց այդ ցուցանմուշները չցուցադրել: Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որեւէ տեղեկատվություն գրաքննության չի ենթարկել եւ չի ժխտել որեւէ պատմական փաստ: Կազմակերպությունը ձգտել է սերտ շփման մեջ լինել Հայաստանի ներկայացուցիչների հետ, որպեսզի հնարավոր լինի խուսափել մշակութային միջոցառման անհարկի քաղաքականացումից: Ցուցահանդեսի նախապատրաստման բոլոր փուլերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը խստորեն հետեւել է անդամ երկրների համար նախատեսված կանոններին եւ ընթացկարգերին եւ ջանք չի խնայել, որպեսզի միջոցառումը պսակվի հաջողությամբ», - ասվում է նամակում:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավատարիմ է միջազգային համաձայնության, երկխոսության եւ փոխադարձ հարգանքի իդեալներին», - ամփոփվում է նամակը:

Նամակի ուղարկողը Վիկտորիա Կալինինան է` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանրային տեղեկատվության բաժին, ռուսական խմբագիր, արտաքին կապերի եւ հանրային տեղեկատվության ենթաբաժին: