Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքսն այս տարի կիսով չափ կրճատվել է: Ազատան համայնքը, որը հայտնի է Շիրակի մարզում որպես կարտոֆիլի հայրենիք, այս տարի մշակում է իր ցանքատարածությունների հազիվ 40 տոկոսը:
«Առաջ շատ էին մշակում, հիմա մարդիկ չեն հասցնում, հողի ու ջրի վարձ, վնասատուների դեմ դեղի փող, սերմացուն թանկ, ու Աստված գիտե, թե ինչ տարի կլինի. Երա՞շտ, կարկո՞ւտ, թե մեկ այլ բան»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազատանի բնակիչ Վիգեն Իկիլիկյանը: Նույն գյուղի բնակիչ Սուսաննա Թորոսյանն էլ կրկին խոսել է 2 տարի առաջ ՊՆ-ի մթերած կարտոֆիլից, որի դիմաց մինչեւ այժմ ազատանցիները սպասում են գումարի:
«Մինչեւ հիմա սպասում ենք, եկան կարտոֆիլը տարան, ասացին ՊՆ-ի համար է, հավատացինք -տվեցինք ու մինչեւ հիմա սպասում ենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն Ազատանից 2 տարի առաջ կարտոֆիլ է մթերել միջնորդների ու ենթամիջնորդների միջոցով ու այդ շղթայում կորել է 3 միլիոն դրամ: «Մենք արդեն պարզել ենք, ՊՆ-ն մեղավոր չէ, նրանք գումարը տվել են, միջնորդներն են կորցրել հետքը, գյուղացիները ուզում են դատի տալ, բայց բանավոր է եղել պայմանավորվածությունը, գրավոր փաստաթուղթ չկա»,-հավաստել է Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը: Նա մի քանի անգամ հրավիրվել է ՊՆ, ասում է նաեւ, որ խնդրից տեղյակ են նաեւ կառավարությունում, խնդիրը անձամբ բարձրացրել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ:
Ստացվում է, որ ՊՆ-ի անունից ինչ-որ մարդիկ «գցել» են ազատանցիներին: Ընդ որում միջնորդ եւ ենթամիջնորդ կազմակերպություններին մրցույթով ընտրել է ՊՆ-ն:




























