Գյումրիում մի քանի տասնյակ փախստականներ կան, ովքեր հիմնականում ապրում են Նորվեգական թաղամասում: Այդ թաղամասը կառուցվել է  Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ:

Մինչ այդ, նրանք տնակներում են ապրել ու նրանց հետ գաղթած շատ ընտանիքներ մինչ օրս շարունակում են բնակվել ժամանակավոր կացարաններում, քանի որ Նորվեգական թաղամասում  կառուցված տների քանակը չի բավարարել բոլորին բնակարանով ապահովելու համար:

Լենա Մելքոնյանը, ով  Բաքվից է գաղթել, ծնունդով գյումրեցի է, պարզապես  գյումրեցի աղջիկն ամուսնացել է ու ապրել Բաքվում 30 տարի: Երբ սկսվել են ջարդերը, ինքն էլ շատերի նման եկել է հայրենիք: Հիմա միայնակ է ապրում, առողջական լուրջ խնդիրներ ունի, ու դժգոհում է նաեւ, որ Գյումրիում ապրելը դժվար է: «Այստեղ շատ դժվար է, մանավանդ մեզ համար, ասում են փախստական ենք, ոչ գործ են տալիս ոչ որեւէ հարցում օգնում, բայց չէ որ մենք էլ հայ ենք, սա իմ հողն է, ես գյումրեցի աղջիկ եմ, հետո ինչ, որ էնտեղից եմ եկել, հո փախստականը թշնամի չէ»,-դժգոհել է Լենա Մելքոնյանը:

Գյումրիի Նորվեգական թաղամասում ապրող փախստականները բոլորն էլ հիմնականում դժգոհ են գործազրկությունից, իսկ ընդհանուր առմամբ, ասում են, թե ապրում են այնպես, ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Ստացել են նաեւ ընտրություններին մասնակցելու իրավունք:

Իսկ Բաքվից գաղթած Ցոլակ Բեգլարյանն էլ դժգոհել է, թե թաղամասի բոլոր տների  տանիքն աննորոգ է. «Այս խնդիրը թաղամասում առկա է արդեն 4 տարի: Նորվեգացիները կառուցեցին, իրենք գոնե վերանորոգեն»: Բնակիչները բազմաթիվ դիմում-նամակներ են ներկայացրել պետական կառույցներ, բայց անօգուտ: Խոստացված վերանորոգումը Նորվեգականում չի մեկնարկում: