Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, խախտելով բոլոր ընդունված նորմերը, որոշել է մեկնաբանել սեփական երկրի նախագահի խոսքերը:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաեւան, «ՌԻԱ Նովոստի»-ի խնդրանքով, հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի մասին երկրի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերում Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք չկա:
Նախօրեին Ալիեւը սպառնացել էր Երեւանին «ուժի միջոցով» լուծել Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցքի կառուցման հարցը, եթե հայկական կողմը հրաժարվի դա կամավոր անել: Ալիեւը Զանգեզուրը եւ Երևանը Ադրբեջանի «պատմական հողեր» է կոչում եւ հայտարարում է, որ ադրբեջանական ժողովուրդն իրավունք ունի վերադառնալ այնտեղ: Հայաստանի արտգործնախարարությունն Ալիեւի հայտարարությունները եւ Զանգեզուրի միջանցքի հիմնախնդրի ուժային լուծման հնարավորությունը որպես ոտնձգություն է որակել երկրի տարածքային ամբողջականության դեմ:
Փաստորեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, որն Ալիեւի սկանդալային հայտարարությունից հետո ստիպված էր «տակից դուրս գալ», երկու քարի արանքում է հայտնվել. «գլխավորի» խոսքերի հերքումը հղի է ոչ միայն աշխատանքից հեռացումով, այլեւ՝ քրեական հետապնդմամբ, իսկ հաստատելը երկրի խիստ տուժած հեղինակության հետագա անկում կնշանակեր:
«Ինչպես միշտ, Ադրբեջանի Հանրապետության նախագահը բավականին հստակ եւ կոնկրետ արտահայտել է իր տեսակետը: Եթե Հայաստանի արտգործնախարարությունը ցանկանում է ներկայացնել լսածը, ինչպես ուզում է, դա արդեն վկայում է նրանց ատելի մտադրությունների մասին: Մենք կցանկանայինք հրավիրել նրանց ուշադրությունը, ովքեր ցանկանում են մեկնաբանել մեր պետության ղեկավարի տեսակետները, որ ապրիլի 20-ին հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել է Հայաստանում Ադրբեջանի դեմ հնարավոր ռեւանշիզմի եւ մեր տարածքային ամբողջականության նկատմամբ հնարավոր սպառնալիքների մասին, քանի որ դա «ազգային պաշտպանության, ազգային անվտանգության խնդիր է»,- անպարզահունչ ասել է Աբդուլաեւան «ՌԻԱ Նովոստի»-ին: Ըստ նրա՝ «դա ոչ թե սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես պնդում է ՀՀ ԱԳՆ-ն, այլ՝Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիքին արձագանքելու մեր վճռականության ցուցիչ»,- ակնհայտ հիմարությունը հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Աբդուլլաեւան հայտարարել է, որ իր հարցազրույցում Ալիեւը նաեւ ասել է, որ «Ադրբեջանը պատրաստ է համագործակցության»՝շեշտելով, որ «մենք պետք է նայենք դեպի ապագա»:
«Ինչպես բազմիցս նշվել է ամենաբարձր մակարդակով, Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա: Նոյեմբերի 10-ին եւ 2020-ի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը նույն նպատակին է ծառայում», - շեշտել է նա՝ նշելով, որ Երեւանը «եռակողմ հայտարարությունը կատարելու փոխարեն իր ստերով եւ զրպարտություններով փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»: Ահա այսպես, չկատարելով նոյեմբերի 10-ի տխրահռչակ հայտարարությունը, ադրբեջանական կողմը, չդադարեցնելով իր ագրեսիվ հռետորաբանությունը, դեռ մեղադրում է իր իրավունքները պաշտպանել փորձող Երեւանին:





























