Նման հանդիպումներում հեղափոխական արդյունքներ չեն լինում, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանում սպասվելիք հանդիպումը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` այդ հանդիպումներն ընդամենը քայլ առ քայլ հակամարտող կողմերին մոտեցնում են անխուսափելի իրողությանը: «Չեմ կարծում, որ հիմնարար սկզբունքները կստորագրվեն»,- ասաց Գ. Մինասյանը: Համենայնդեպս` ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են աղավաղել Մինսկի խմբի համանախագահների վերջերս ընդունված Դովիլյան հռչակագիրը:
«Այն հանրությունը, որն ապրում է պատրանքներով, իր ղեկավարից պահանջում է անիրական քայլեր»,- ասաց Գ. Մինասյանը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանը մազաչափ անգամ չի շեղվել այն հիմնարար սկզբունքներից, որ միշտ էլ պաշտպանել է բանակցությունների ընթացքում: Դրանք են. 1.ԼՂ-ն չպետք է լինի Ադրբեջանի կազմում, 2. ԼՂ անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, 3. ԼՂ-ն Հայաստանի հետ պետք է ցամաքային սահման ունենա:




























