Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը, եթե անգամ պտուղներ տա, ապա դրանք Հայաստանի համար համեղ չեն լինի։ Հունիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման մռայլ կանխատեսում արեց Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը։
Ներկաների համար պարզաբանելով, թե ինքը ինչ նկատի ուներ՝ «համեղ չեն լինի» ասելով, Տեր-Թադեւոսյանը հայտարարեց, որ հանդիպումը զգալի դրական արդյունքներ չի տա, լավագույն դեպքում ամեն բան կմնա այնպես, ինչպես կա։ Նրա խոսքով, պատճառն այն է, որ ղարաբաղյան հարցը տարանջատվում է այլ հարցերից, ինչպիսիք են, օրինակ, Հայոց ցեղասպանության, Սեւրի պայմանագրի եւ այլ հարցերը։
«Մենք չենք գիտակցում, որ ղարաբաղյան հարցն անբաժանելի է մնացած բոլոր ազգային հարցերից»,- հայտարարեց Կոմանդոսը՝ ավելացնելով, որ այդ հարցն առանձին անհնար է լուծել:
Ղարաբաղյան պատերազմի հերոսի կարծիքով, Հայաստանի դեմ ամենաքիչը 2 խաղացող կա՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ «Այդ երկրների դեմ առանձին պայքարել չի կարելի, քանի որ նրանք տանդեմ են ձեւավորում»,- ասաց նա։
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի կազանյան հանդիպումը տեղի կունենա մոտակա օրերին։




























