Հրազդան քաղաքում բազմաթիվ գողություններ կատարած երիտասարդներին այսօր` հունիսի 21-ին տեղափոխել են Հրազդանի ոստիկանության ձերբակալվածների պահման վայր: Նրանց տեղափոխել է ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վաղարշակ Վարդանյանի գլխավորությամբ:
Ինչպես Հրազդանից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդներն են 25-ամյա Սեւակ Բաղդասարյանը եւ 31-ամյա Արթուր Պետրոսյանը: Նրանք կասկածվում են Հրազդան քաղաքում մի շարք գողություններ կատարելու մեջ:
Մասնավորապես, հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը Պետրոսյանը Հրազդանի Կենտրոն թաղամասում գտնվող նորակառույց շինություններից մեկի դուռը կոտրելու միջոցով, այնտեից գողացել է տարբեր իրեր, այդ թվում շինարարության թանկարժեք գործիքներ:
Հունիսի 19-ին ոստիկանության Հրազդանի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, Հրազդանի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Վաչագան Ներսիսյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Ա. Պետրոսյանին բերման են ենթարկել ոստիկանություն:
Այնուհետեւ նրա ավտոմեքենայի բեռնախցիկում խուզարկությամբ հայտնաբերվել է նորակառույց շենքից գողացված ողջ գողոնը:
Արդեն ոստիկանությունում պարզվում է, որ Ա. Պետրոսյանն իր ընկերոջ` Սեւակ Բաղդասարյանի հետ Հրազդան քաղաքում կատարել են մի շարք գողություններ: Կատարված գողությունների մասին տուժող քաղաքացիները նախկինում չեն դիմել ոստիկանություն: Թե ինչն է եղել քաղաքացիների կողմից ոստիկանություն չդիմելու պատճառը, կպարզվի քննության ընթացքում:
Հրազդանցիների պատմելով, Ա. Պետրոսյանը նախկինում դատապարտված է եղել գողություն կատարելու համար:





Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























