Մի ասացվածք կա, որ ընկերներն աստղերի են նման, եւ դրանք հաշվել կարելի է միայն գիշերը: Եվ կարելի է ասել, որ անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանում խորը մութ գիշեր վրա հասավ: Ապրիլի 24-ին Հայաստանի Ազգային ժողովում ՀՀ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց Ֆրանսիայի Սենատի խոսնակ Ժերար Լարշեն:
Այդ ժամանակ, ըստ ֆրանսիացի խորհրդարանականի, Ֆրանսիայի Սենատը համատեղ ջանքերով որոշում կայացրեց, մի կողմ դնելով բոլոր քաղաքական տարաձայնությունները, միավորվել եւ իսկապես սկսել միասին աշխատել՝բանաձեւ ընդունելու համար, որով երկրի կառավարությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Լարշեն հիշեցրեց, որ անցել է 20 տարի այն օրվանից, երբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հրապարակեց ընդամենը 8 բառից բաղկացած օրենքը, ըստ էության, ընդամենը մեկ հոդված, որում Ֆրանսիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Կենդանի հիշողությունը լավագույն պատնեշն է պատմության ողբերգական էջերի կրկնության դեմ:
Մեր համագործակցությունը նույնպես փոխվստահության ուղի է անցել: Դա վստահությունն է Հայաստանի ապագայի նկատմամբ, վստահությունը դրա երիտասարդության նկատմամբ, որն անցյալ աշնանն այդպիսի ուժեղ հարված ստացավ: Մենք մտածում ենք զոհվածների, վիրավորների, տեղահանվածների, ռազմագերիների, նրանց ընտանիքների մասին, քանի որ դրանք անձնական ողբերգություններ չեն, այլ՝ կոլեկտիվ: Մենք նաեւ մեր վստահությունն ենք հայտնում Հայաստանի ժողովրդավարությանը, որը ձեզ հատուկ տեղ է հատկացրել այս տարածաշրջանում: Դա ժողովրդավարություն է, որը մեծ փորձությունների է ենթարկվել, ոտնահարվել է, բայց, այնուամենայնիվ, դուք շարունակում եք անսասան մնալ»,- շեշտեց Ժերար Լարշեն:





























