Լիտվան պատրաստ է էլ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Այս մասին ապրիլի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը: Նշենք, որ պաշտոնական այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում:

Նախարարն արձանագրեց երկրների բարեկամական հարաբերությունները եւ այն փաստը, որ 30 տարի առաջ Հայաստանի համար եւս ծանր պահեր կային: «Իմ այցի նպատակն օգնություն ցուցաբերելն է: Մենք կցանկանայինք նաեւ ավելի մեծ օգնություն ակնկալել ԵՄ-ից: Կարծում եմ, որ մենք կարող ենք ուղիներ գտնել՝ ընդլայնելու մեր աջակցությունն ինչպես քաղաքական, այնպես էլ հումանիտար եւ տնտեսական ոլորտներում: Եվրոպային ավելի հստակ ուղերձ է պետք Երեւանից»,- նշեց արտգործնախարարը:

Որպես համագործակցության օրինակ՝նա նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, պատվաստանյութերի ներմուծումն ու պահպանումը, բուժաշխատողների վերապատրաստման հարցում օժանդակությունը: Նախարարը հավելել է, որ համընդհանուր անվտանգություն գոյություն չունի, քանի դեռ բոլորը ապահովված չեն: