Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արագ զարգացող աշխարհում շատ կարևոր է, որ աշխարհի բոլոր կետերում հնարավոր լինի ստանալ ցանկացած տեղեկատվություն և արագ և ապահով միանալ նախընտրած սոցիալական ցանցին ու մեսսենջերներին: Բացի արագությունից, օգտատերերը ավելի շատ են սկսել հոգ տանել տվյալների գաղտնիության և անվտանգության մասին: Վերջին շրջանում մենք հաճախ լսում ենք, որ հաքերների հարձակումների պատճառով, հազարավոր օգտատերերի տվյալներ հայտնվում են համացանցում: Այս հարցում կարող են օգնել VPN ծառայությունները, որոնց նպատակներից մեկն է ապահովել օգտատերերի տվյալների պաշտպանությունը, երբ նրանք միանում են խոցելի հանրային Wi-Fi ցանցերին:

Ի՞նչ է VPN-ը և ի՞նչպես պաշտպանել տվյալները հաքերների հարձակումներից

Առաջին հերթին հասկանանք՝ ինչ է VPN-ը: Դա վիրտուալ մասնավոր ցանց (Virtual Private Network) ծառայություն է, որը թույլ է տալիս միանալ ինտերնետին կոդավորված թունելի միջոցով` առցանց գաղտնիությունն ապահովելու և տվյալները պաշտպանելու համար:

VPN- ը սովորաբար օգտագործվում է, որպեսզի օգտատերը կարողանա անվտանգ միանա հանրային Wi-Fi ցանցին, թաքցնի իր IP հասցեն և որոնումների պատմությունը:Այսպիսով, VPN-ը ինտերնետում որոնումը և անձնական տվյալները թաքցնելու ամենադյուրին և ամենաարդյունավետ միջոցն է: Երբ կապվում եք անվտանգ VPN սերվերի հետ, ձեր ինտերնետ տրաֆիկը վերահասցեագրվում է կոդավորված թունելի միջոցով, որը հասանելի չէ ո՛չ հաքերների, և ո՛չ էլ ինտերնետ օպերատորի համար:

Առաջին հերթին VPN-ի օգտագործումը թույլ է տալիս ծածկագրել առցանց էլեկտրոնային տվյալները և պաշտպանել անձնական տեղեկությունները: Հաճախ կիբերհանցագործները կարողանում են տվյալներ կորզել հենց այն ժամանակ, երբ դուք միանում եք հանրային Wi-Fi ցանցին սրճարաններում, օդանավակայաններում, զբոսայգիներում և այլ հասարակական վայրերում: Եթե դուք օգտագործում եք VPN, ապա հաքերները չեն կարող որևէ կերպ վնասել ձեզ: Այս խնդիրը կարելի է լուծել՝ օրինակ միանալով VPN Surfshark ծառայությանը, որն ավելի քան 3200 սերվեր 63 երկրներում։ Այս ծառայությունը գաղտնագրում է ամբողջ տրաֆիկը, թաքցնում է IP հասցեն, որպեսզի ոչ ոք չտեսնի ձեր առցանց գործողությունները:

Բացի տվյալների պաշտպանությունից, VPN- ի օգտագործումը թույլ է տալիս խուսափել քաղաքի և բնակության վայրի մասին տեղեկություններ տրամադրելուց:

Եթե դուք գտնվում եք այն երկրներում, որտեղ Google-ի, Wikipedia-ի, YouTube-ի կամ այլ կայքերի և ծառայությունների մուտքը սահմանափակված է, VPN- ին միանալը թույլ կտա ազատորեն օգտվել ինտերնետից:

Ինտերնետ օպերատորները նույնպես կարող են օգտվել ձեր տվյալների հասանելիությունից և վաճառել դրանք գովազդատուներին: Սրանից պաշտպանվելու համար նույնպես կարելի է օգտագործել VPN:

Կարևոր է նշել, որ որոշ երկրներում VPN-ի ծառայություններից օգտվելը արգելված է, կամ գործում է որոշ սահմանափակումներով, սակայն Հայաստանում օգտագործումը որևէ կերպ արգելված չէ:

Ի՞նչպես է աշխատում VPN-ը և ինչպես այն կարելի է տեղադրել

Երբ դուք բացում եք որևէ կայք առանց VPN-ի, ապա միանում եք այդ կայքին ինտերնետ օպերատորի միջոցով: Պրովայդերը ձեզ տալիս է եզակի IP հասցե, որն օգտագործվում է կայքում ձեզ նույնականացնելու համար: Քանի որ օպերատորները մշակում և վերահղում են ձեր ամբողջ տրաֆիկը, նրանք կարող են տեսնել, թե դուք որ կայքեր եք այցելում:

VPN հավելվածի միջոցով ինտերնետին միանալով՝ ապահով կապ է հաստատվում ձեր սարքի և VPN սերվերի միջև: Ձեր տրաֆիկը դեռ անցնում է պրովայդերի միջոցով, բայց այն այլևս չի կարող կարդալ կամ տեսնել վերջնական նպատակակետը: Ձեր այցելած կայքերն այլևս չեն տեսնում ձեր սկզբնական IP հասցեն, այլ միայն VPN սերվերի IP հասցեն, որը օգտագործվում է շատ այլ օգտատերների կողմից և պարբերաբար փոփոխվում է:

VPN- ի օգտագործումը կարող է նույնիսկ բարելավել ձեր կապը, եթե օպերատորը սահմանափակում է կապի թողունակությունը:

Ինտերնետ օպերատորները օգտագործում են այսպես կոչված «դրոսելավորումը»` թողունակության սահմանափակում տրաֆիկի ծանրաբեռնվածությունը կառավարելու համար: Օգտագործելով VPN՝ դուք կարող եք շրջանցել այս սահմանափակումը, քանի որ օպերատորը այլևս չի կարողանա օգտագործել արագության «դրոսելավորումը»:

VPN-ին միանալու ամենահեշտ ձևն է ներբեռնել VPN հավելվածը: Դա անելու համար պարզապես անհրաժեշտ է ընտրել հուսալի VPN ծառայության մատակարար. օրինակ՝ ExpressVPN, VPN Surfshark կամ CyberGhost, և ներբեռնել նրա ծրագիրը ձեր ընտրած սարքի համար:

Գրեթե յուրաքանչյուր VPN առաջարկում է հատուկ ծրագրեր Android և iOS սարքերի համար: Այսպիսով այն շատ հեշտ միանում է ոչ միայ համակարգչին, այլ հեռախոսին կամ պլանշետին:

VPN ծառայությունները առաջարկում են նաև դեմո տարբերակ, որին միանալով դուք անվճար կարող եք ստուգել աշխատանքի արդյունավետությունը:

Գոյություն ունեն բազվաթիվ անվճար VPN ծառայություններ ևս, սակայն նրանք ավելի խոցելի են, ունեն ավելի քիչ քանակության սերվերներ, ավելի դանդաղ են և թույլ են անվտանգության տեսակետից: Որոշ փորձագետներ նշում են, որ անվճար VPN-երը նույնիսկ գումար են վաստակում՝ գովազդատուներին վաճառելով հաճախորդների օգտագործվող տրաֆիկի մասին տեղեկությունները:

Ցավոք, ինտերնետում բացարձակ գաղտնիություն լինել չի կարող: Այնուամենայնիվ, VPN-ն առաջարկում է գաղտնիության և անվտանգության մի մակարդակ, որը չափազանց դժվարացնում է առցանց գործունեության հետևելը:

Հուսալի VPN ծառայությունների մատակարարը կունենա նվազագույն տեղեկություն ձեր մասին, օրինակ՝ ձեր էլեկտրոնային հասցեն, չի գրանցում ձեր IP հասցեն, փոխանցված տվյալների քանակը, տրաֆիկը կամ այլ նմանատիպ տվյալներ: