Հայաստանում ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը ցածր է, իսկ փողերի լվացման ռիսկը՝ միջինից ցածր: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով՝ գնահատականներն անցկացվում են գրեթե երկու տասնյակ չափանիշներով՝ տարածման, կապերի եւ այլ ցուցանիշների մակարդակ: «Միջազգային սանդղակով այդ գնահատականները համարվում են լավ»,-ասաց Երիցյանը:
Նա նշեց, որ տվյալ գործոններով կարգավորիչը ստանում է բավարար տեղեկություն վաղ փուլերում ռիսկերի հայտնաբերման եւ դրանք իրավապահ մարմիններին փոխանցելու համար
Ավելին, ԿԲ-ն, նրա խոսքով, տվյալներ է ստանում ավելի քան 20 մլն դրամի եւ 5 մլն դոլարի չափով բոլոր գործարքներով: «Այդ թվում նաեւ կանխիկ: Այսպես, ԿԲ-ն բոլոր տվյալների վերլուծություն է անցկացնում: Մենք ստուգումներ ենք անցկացնում ռիսկերի հայտնաբերման եւ կանխման համար: Դրանք կառավարելի են, քանի որ մենք օպերատիվորեն ստանում եւ ստուգում ենք բոլոր տվյալները»,-վստահեցրեց Երիցյանը:
Նա նշեց, որ համաձայն ԵԽ վերջին մոնիթորինգի՝ առաջարկվել են նոր կոռեկտիվներ, որոնք հաշվի են առնվել եւ ներկայացվել են «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու տեսքով:
«Փոփոխությունները, մասնավորապես, անդրադառնում են ֆինանսական հաշվետվությունների ներկայացման որոշ ընթացակարգերին, ինչպես նաեւ անձանց ցուցակներին, որոնք պետք է հաշվետու լինեն եկամուտների մասին: Այսպես, ցուցակը կընդլայնվի, եւ ընկերության տնօրենից բացի ցուցակում կներառվեն ընկերության կառավարմանը ներգրավված անձինք: Փոփոխություններն ուղղված են ընկերությունների իրական սեփականատերերի եւ շահառուների հայտնաբերմանը, նրանց ինքնության ստուգմանը, ինչը թույլ կտա ապահովել իրավաբանական անձանց գործունեության թափանցիկությունը»,-հավելեց ԿԲ ներկայացուցիչը:
Փոփոխությունները նաեւ նախատեսում են անձանց ցուցակի ընդլայնում, որոնք ունեն քաղաքական ազդեցություն: Մասնավորապես, խոսքը տեղական բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, նրանց մասին, ովքեր կարեւոր պաշտոններ են զբաղեցնում միջազգային կազմակերպություններում:
Քննարկումից հետո խորհրդարանականները դրական եզրակացություն տվեցին տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:



























