Ստամբուլի, Անկարայի եւ Թուրքիայի այլ խոշոր քաղաքների բնակիչները ձգտում են լքել դրանք հինգշաբթի երեկոյան լոքդաունից առաջ, քաղաքների ելքերի մոտ լուրջ խցանումներ են նկատվում, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ թուրքական խոշոր քաղաքների բնակիչները իրենց մեքենաներով զանգվածաբար շարժվում են դեպի Էգեյան եւ Միջերկրական ծովերի ափերի հանգստավայրեր: Ստամբուլի օդանավակայաններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ: Հանգստավայրերի բնակիչները բողոքում են մինչ տուրիստական սեզոնի սկսվելը այցելուների աննախադեպ հոսքից՝ վախենալով վարակի ներթափանցումից: Հատկապես լարված իրավիճակ է Բոդրումում եւ Ալանում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր ապրիլի 29-ի ժամը 19:00-ից մայիսի 17-ի ժամը 05:00-ը երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով լիակատար լոքդաունի մասին: Բոլոր կազմակերպություններն ու հաստատությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը, բացառությամբ ՆԳՆ-ի շրջաբերականով հրապարակվածների: Միջքաղաքային ուղեւորությունները թույլատրվում է միայն իշխանություններից թույլտվություն ստանալուց հետո: Հյուրանոցների ամրագրումը բացառություն չէ միջքաղաքային ուղեւորությունների սահմանափակումների համար: Օտարերկրյա զբոսաշրջիկների վրա պարետային ժամը չի տարածվում: