Պարզվել է, որ Արարատի մարզում հունիսի 21-ի երեկոյան ավտովթարի ենթարկված Opel Vektra մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է ՊՆ աշխատակից:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel Vektra-ն վարել է 35-ամյա Արմենակ Մելյանը, ով աշխատում է ՊՆ Արարատի զինկոմիսարիատում որպես զորակոչային բաժանմունքի պետ: Իսկ Opel Vektra-ին բախված «ԵՐԱԶ»-ի վիրավորված ուղեւորներն են եղել 52-ամյա Գրիգոր Հարությունյանը եւ 55-ամյա Սամվել Ավետիքյանը:
Հատկանշական է, որ, ըստ ֆոտոլրագրողի, զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետը հայտնել է, որ ինքը մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն հենց դեպքի վայրում նա ստացել է բուժօգնություն, քանի որ վնասվել էր նրա գլուխը: Նա վիրակապված գլխով դեպքի վայրում էր:
Հավանաբար, այս գործը պետք է ուղարկվի զինվորական ոստիկանության քննչական վարչություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում իրար են բախվել Opel Vektra մակնիշի 18 ՕՕ 314 համարանիշի եւ «ԵՐԱԶ» մակնիշի 14 ՏՍ 529 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետեւանքով «ԵՐԱԶ»-ը շրջվել է: Վթարի վայրից մարմնական վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել «ԵՐԱԶ»-ի 2 ուղեւորները:
«ԵՐԱԶ» ավտոմեքենան վարել է 52-ամյա Ավետիք Սեդրակյանը:




























