«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական լրատվական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանին չեն հեռացրել լուրերի ծրագրի ղեկավարի պաշտոնից: Այս մասին այսօր` հունիսի 22-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոս Ղազարյանը:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե նախընտրական շրջանում լրատվական ծրագրերը ղեկավարելու են բացառապես հնազանդ եւ հավատարիմ մարդիկ, որոնք վայելում են հեռուստատեսությունների տերերի լիարժեք վստահությունը: «Հենց դա է պատճառը, որ մոտ 20 օր առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային փոփոխություններ է արել «Կենտրոն» հեռուստաընկերությունում: Պետրոս Ղազարյանը թեեւ շարունակելու է վարել իր «Ուրվագիծ» ծրագիրը, սակայն նրա կապվածությունը նախագահի նստավայրին պատճառ է դարձել, որ նրան հեռացնեն լուրերի ծրագիրը ղեկավարելուց: Նրա փոխարեն նշանակվել է Բաղդասար Մհերյանը, ով ժամանակին աշխատում էր «Հայլուրում», ապա քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակն էր»,- գրել էր թերթը: Նշել էին նաեւ, թե այս փոփոխությունը Պետրոս Ղազարյանը ծանր է տարել եւ անգամ մի շաբաթ աշխատանքի չի գնացել, ստիպված «Ուրվագծի» որոշ հաղորդումներ կրկնել են, որպեսզի նրա բացակայությունը չերեւա:

Պետրոս Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի գնացել աշխատանքի, քանի որ հունիսի 6-ից Ստամբուլում էր մեկ շաբաթով:

Իրականությանն, ըստ նրա, չեն համապատասխանում նաեւ այն տեղեկությունները, թե Պետրոս Ղազարյանը որոշել է սեփական ինտերնետային կայքը ստեղծել եւ աշխատում է այդ ուղղությամբ: