Հունիսին կատարված սոցիոլոգիական հարցումների համաձայն, այս պահին առավել բարձր վարկանիշ ունի հանրապետական կուսակցությունը, որին առաջիկա կիրակի ձայն կտային հարցվածների 27 տոկոսը: Այդ մասին այսօր` հունիսի 22-ին կայացած ասուլիսում հայտարարեց հարցումներն իրականացրած Սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Պողոսյանը:
Նրա տեղեկացմամբ` հարցումներն անցկացվել են միայն Երեւանում, հարցվածների թիվը կազմում է 600 մարդ: Գ. Պողոսյանը հատուկ նշեց, որ ընտրություններից առնվազն 3 ամիս առաջ կատարված հարցումներն ունեն զուտ գիտական նշանակություն, եւ ընտրական գործընթացների վրա էական ազդեցություն չեն թողնում:
Երեւանցիների մոտ 19 տոկոսը իր ձայնը կտար «Բարգավաճ Հայաստանին»: Երրորդ եւ չորրորդ տեղերի համար պայքարում են ընդդիմադիր 3 կուսակցությունները: ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն հավաքել են մոտավորապես 7.5 տոկոս, իսկ «Ժառանգությունը»` 6 տոկոս: Մյուս կուսակցությունները 5 տոկոսից ցածր վարկանիշ ունեն. Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունը»` 4.2 տոկոս, իսկ «Օրինաց երկիրը»` 4.1 տոկոս:
Ըստ սոցիոլոգի` մեծահասակները (45 տարեկան եւ բարձր) հիմնականում ձայն են տալիս «Ժողովրդական կուսակցությանը», ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», երիտասարդների մեջ շատ են դաշնակցության համակիրները, իսկ միջին տարիքի մարդիկ հիմնականում ընտրում են իշխող կոալիցիային: Կանանց շրջանում ամենամեծ հաջողություն ունի Տիգրան Կարապետյանի ղեկավարած կուսակցությունը:




























