Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով այսօր` հունիսի 22-ին ելույթ է ունենալու Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հարցեր տալու համար հերթագրվել են 26 պատգամավորներ: Այդ մասին NEWS.am-ին Ստրասբուրգից հայտնել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ հերթագրման գործընթացը կտեւի եւս մեկ ժամ:
Զոհրաբյանի խոսքով, հերթագրվածներից հինգը ադրբեջանական պատվիրակության անդամներ են, կան պատվիրակներ Ֆրանսիայից, Լիտվայից, Շվեյցարիայից, Իռլանդիայից, Լիտվայից, Իտալիայից, Մոլդովայից, նաեւ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Ներկայումս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեմ առ դեմ հանդիպում է անցկացնում ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ:
Նշենք, որ ըստ ընթացակարգի, ելույթի եւ հարցերի համար հատկացվում է 1 ժամ: Ամեն հարցի համար` 30 վայրկյան:



























