Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին ժամանել է Ստրասբուրգ` մասնակցելու ԵԽԽՎ ամառային նստաշրջանին: Այժմ Հայաստանի նախագահի աշխատանքային այցի շրջանակներում ընթանում է նրա հանդիպումը ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ:
Նախապես Սերժ Սարգսյանը Չավուշօղլուի հետ գրառում է թողել ԵԽԽՎ «Ոսկե գրքում», հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Այնուհետ նախատեսված է Հայաստանի նախագահի հանդիպումը ԵԽԽՎ` Հայաստանի հարցով մոնիտորինգային խմբի համազեկուցող Ջոն Պրեսկոտի, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ: Հայաստանի նախագահը կծանոթանա հայ նկարիչ Կարեն Միրզոյանի աշխատանքներին, նրա ցուցահանդեսը բացվել է ԵԽԽՎ-ում ամառային նստաշրջանի շրջանակներում:
ԵԽ գլխավոր քարտուղար Թյորնբյորն Յագլանդի հետ հանդիպումից հետո կայանալու է նրանց համատեղ ասուլիսը:
Ժամը 15-ին նախատեսված է Հայաստանի նախագահի ելույթը ԵԽԽՎ ամբիոնից, ապա Սերժ Սարգսյանը կպատասխանի պատգամավորների հարցերին: Արդեն հերթագրվել են 26 պատգամավորներ, այդ թվում`ադրբեջանական, թուրքական եւ հայկական պատվիրակություններից:




























