Նախորդ շաբաթ Ամերիկայի հայկական ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդունին եւ տնօրեն Դանիել Քուշաքջյանը հանդիպել է կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Կոնգրեսական Դոլդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 304 բանաձեւի գլխավոր նախաձեռնողն է Հանրապետական կուսակցությունից:

Կոնգրեսական Դոլդի հետ հանդիպման ժամանակ Արդունին ու Քուշաքջյանը հիշեցրել են Ամերիկայի պատմության դրվագները, երն այդ երկիրը ապաստան տվեց Ցեղասպանությունից փրկված հայերին: Նաեւ ընդգծել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քվեարկությունն ապահովելու անհրաժեշտությունը:
«Ես անհամբերությամբ եմ սպասում Հայկական ասամբլեայի եւ հայ համայնքի հետ միասին այս կարեւոր հարցի շուրջ աշխատանքին, որը կապված է մարդու իրավունքների հետ: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը չի կարող անտեսվել եւ որը պետք է ճանաչել»,- ասել է Դոլդը:
Բացի հայոց ցեղասպանության խնդրից, քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորման հարցը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ահագնացող ռազմական հռետորությունը: