Հունիսի 21-ին Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել դանակահարված երկու երիտասարդներ:

Հունիսի 21-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում  հարուցվել է ՀՀ քրեական գործ 112 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 21-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկացրել են ոստիկանության Նաիրիի բաժին, որ իրենց մոտ են տեղափոխվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչներ, եղբայրներ 39-ամյա Համլետ Ղազարյանը եւ  41-ամյա Մարատ Ղազարյանը: Համլետն ունեցել է աջ անրակի շրջանում  սուր կտրող ծակող գործիքի վնասվածք, իսկ Մարատը` կրծքավանդակի աջ կողմում, սուր ծակող կտրող թափանցող վերքով:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը, Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Մարատ Դուրյանը, Նաիրիի ոստիկանապետ Կարեն Գինոյանը, նաեւ Նաիրիի քննչական բաժանմունքի փորձագետ Դավիթ Թովմասյանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, քննչական բաժինը կարողացել է պարզել, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Արզնի-2 առողջարանի տարածքում:

Քննչական մարմինը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ, նշված երիտասարդներին դանակահարող անձին հայտնաբերելու համար: Դեպքի վայրից հայտնաբերվել եւ առգրավվել է արնանման հետքերով գարեջրի շշեր, եւ դանակ: Հայտնաբերված առարկաներն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն` քննիչի կողմից նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի