2011 թ. հունվար-մայիսին Հայաստանի պետական բյուջեի փաստացի դեֆիցիտը 8.4 անգամ պակաս է պլանավորվածից: Այդ մասին կարելի է տեղեկանալ ֆինանսների նախարարության հրապարակումից: Մասնավորապես` նախատեսված է 56.2 մլրդ դրամ (մոտ 150 մլն դոլար) դեֆիցիտ, սակայն փաստացին կազմել է 6.7 մլրդ դրամ (մոտ 18 մլն դոլար): Ըստ հաղորդագրության` հիմնական պատճառներից մեկն այն է, որ չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 22.9 մլրդ դրամի (մոտ 62 մլն դոլար) վարկային միջոցները: Թերի են օգտագործվել նաեւ բյուջեի ազատ միջոցները:

Ընդհանուր առմամբ` ՀՀ պետական բյուջեի եկամուտները 5 ամսում կազմել են 325.7 մլրդ դրամ (մոտ 880 մլն դոլար), իսկ ծախսերը` 332.4 մլրդ դրամ (մոտ 898 մլն դոլար):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8.9 տոկոսով կամ 26.6 մլրդ դրամով (մոտ 70 մլն դոլար), որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին:

2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7.2 տոկոսով կամ 22.4 մլրդ դրամով (մոտ 60 մլն դոլար), ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, պետական պարտքի սպասարկման, հիմնական միջոցների, դրամաշնորհների եւ այլ ծախսերի աճով: