Տեղեկությունը, որ ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունը թուրքական տեխնիկա է գնել Ստեփանակերտի օդանավակայանի համար, համապատասխանում է իրականությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  ԼՂՀ քաղաքավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

«Մենք թուրքական «Demirçi makina» ընկերությունից մետաղական ցանց գործելու հաստոց ենք գնել Ստեփանակերտի օդանավակայանի համար: Ֆինանսական առումով դա շահավետ գործարք էր, ընկերությունն էլ, որ առաքել է դա, լավն է»,- նկատել է Ադբաշյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց թուրքական ընկերության վրա, Ադբաշյանը նկատեց. «Եվրոպական նման հաստոցների համեմատ թուրքական ընկերության հաստոցը էժան է ոչ թե տոկոսներով, այլ մի քանի անգամ»:

Հարցին, թե վախենո՞ւմ է արդյոք, որ թուրքական արտադրանքի ընտրությունը բացասական արձագանք կստանա ինչպես Ղարաբաղում ու Հայաստանում, այնպես էլ շահարկումների առիթ կդառնա Թուրքիայում եւ Ադրբեջանում, Ադբաշյանը պատասխանել է. «Դա բիզնես է: Ես այնտեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրի հայտարարությանը, թե դա հարված է իրենց ներքաղաքական շահերին, Ադբաշյանն ասել. է. «Եթե դա Թուրքիայի ԱԳՆ  դժգոհությունն է, թող իրենք էլ պարզեն իրենց ընկերության հետ, մենք ի՞նչ կապ ունենք»:

Նշենք, որ ադրբեջանական «Զերկալո» թերթի հետ զրույցում Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը տարակուսանք էր հայտնել, որ թուրքական ընկերությունը  մանսակցում է Ստեփանակերտի օդանավակայանի սպառազինմանը: