Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ առաջիկայում կայանալիք կազանյան հանդիպումից մեծ սպասումներ չունի։ Հունիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ ՀՅԴ-ական պատգամավորը։

«Ցավով եմ ասում, որ Կազանում կայանալիք հանդիպումից սպասելիքները շատ չեն։ Կարծում եմ՝ այդ հանդիպումը ցույց կտա, որ Ադրբեջանը պատրաստ չէ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ չէ գնալու փոխզիջումների։ Այնինչ Հայաստան պատրաստ է փոխզիջումների գնալ, ինչի վկայությունն է նաեւ երեկվա՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը։ Նախագահը երեկ ասաց, որ խոսքը թեպետ մեր երազած փաստաթղթի մասին չէ, Հայաստանն, այնուամենայնիվ, պատրաստ է գնալ զիջումների։ Կազանից հետո միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները պետք է աննախադեպ ճնշումներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ՝ այդ թվում խիստ պատժամիջոցներ, որոնք կիրառվում են, ասենք Սիրիայի նկատմամբ»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով, եթե ստացվի այնպես, որ ղարաբաղյան պատերազմը վերսկսվի, այն իր մեջ կներքաշի տարածաշրջանային բոլոր երկրներին՝ վերածվելով անգամ երրորդ համաշխարհային պատերազմի։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում տեղի կունենա հունիսի 24-ին;