Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ չի եղել: Այդ մասին ռուսական «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հեղափոխությո՞ւն էր 2008թ. տեղի ունեցածը, «նարնջագույն» էր, թե այլ գույնի:

Խոսելով 2007թ. ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին` Տեր-Պետրոսյանը նկատել է. «Ես եկա նոր պլատֆորմով: 10 տարի լռել էի: Կարծում եմ` նախկին նախագահներն ընդհանրապես չպետք է միջամտեն քաղաքականությանը: Այդպես է ողջ աշխարհում: Իհարկե, ինչ-որ մեկին կարող է դուր չգալ: Բայց երբ տեսնում եմ, որ աչքերիդ առաջ քո երկիրը, քո պետությունը դառնում է բոլորովին ոչ այն, ինչ պատկերացնում ես, չես կարող նստել` ձեռքերդ ծալած: Այդ 10 տարում ոչ ոք չի կարողացել ձեւակերպել պետության մոդելը: Ես դա արեցի 2007թ., նախքան նախընտրական արշավին պաշտոնապես միանալը: Ես տեսա, որ ոչինչ չի մնացել նրանից, ինչ ունեինք 1998թ., եւ նրանից, ինչին մենք գնում էինք 30 տարի ապագայի մասին մեր տեսալականներում:

Ժողովրդավարության, ազատ շուկայի փոխարեն մենք ստեղծել են մաքուր ավազակապետություն: Քաղաքական իշխանության փոխարեն մենք քրեական իշխանություն ենք ստեղծել: Հայաստանում բուրգ է ստեղծվել, վերից վար պետական իշխանությունը կոռումպացված է... «Նարնջագույն հեղափոխություն» է այն, ինչ հրահրվում է դրսից: Երբ խոսում են ուկրաինական նարնջագույն հեղափոխության մասին, վրացական «վարդերի հեղափոխության» մասին, նկատի ունեն, որ դրանց հետեւում կանգնած է Ամերիկան: Դա այդպես չէ: Որեւէ Ամերիկա երկրում չի կարող հեղափոխություն անել: Նրանք կարող են ազդել իրադարձությունների վրա 5 տոկոսի սահմաններում, ոչ ավելի: Ռուսաստանն էլ չի կարող:

Երբ ասում են, թե ամերիկացիներն իշխանության բերեցին Յուշչենկոյին կամ Սահակաշվիլիին, ես չեմ հավատում: Դա ինքնաբերաբար էր, ժողովուրդը բերեց: Ես ամբողջությամբ չեմ բացառում արտաքին ազդեցությունը, բայց այն կարող է լինել 5 տոկոսի սահմաններում: Հայաստանում արտաքին ազդեցություն չի եղել եւ այսօր էլ չկա: Հայ ազգային կոնգրեսը չի օգտվել արտերկրի աջակցությունից: Միգուցե դա մեր դժբախտությունն է, բայց մենք տեր չենք փնտրում, դա չկա եւ չի լինի: Ինձ պետք չէ օտարերկրյա ուժերի կողմից նվիրված իշխանությունը: Երբեք»:

Արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդը վստահություն է հայտնել, թե գիտի, թե ինչպես պայքարել բացասական կողմերի դեմ. «Մեր ժամանակ էլ կոռուպցիա կար, ո՞վ է հերքում: Կային անազնիվ պաշտոնյաներ: Մենք պայքարում էինք, որքան կարողանում էինք, պատերազմին զուգահեռ, այլ խնդիրների լուծմանը զուգահեռ: Բայց նման համակարգային կոռուպցիա, ինչպես այսօր է, չկար: Ես երբեմն ապշեցնում եմ տնտեսագետներին, երբ ասում եմ, որ Հայաստանում չկա ստվերային տնտեսություն: Դա պարադոքս է: Ստվերային տնտեսությունն այն է, որը գտնվում է պետության վերահսկողությունից դուրս: Իսկ այս տնտեսությունն ամբողջությամբ կարգավորվում է պետոթյան կողմից: Սա ստվերային տնտեսություն չէ, այլ պետական ռեկետ»,- ասել է Տեր-Պետրոսյանը: