Մարմնավաճառության դեմ պայքարը բարձիթողի վիճակում է, հիմնականում օրենսդրական դաշտի հետ կապված: Այս մասին այսօր` հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Ամեն դեպքում լավ է, որ ինտեգրվում ենք եվրոպական ընտանիքին, մեր մոտեցումները փոխում ենք կյանքի նկատմամբ, մարդու իրավունքների նկատմամբ: Բայց դա մեր ազգին հարիր չէ, մեր սովորույթներին հարիր չէ, պատիվ չի բերում մեզ»,- ասաց ոստիկանապետն ու հավելեց, որ խանդով է վերաբերում այդ երեւույթին, քանի որ արժանապատվության ու ինքնասիրության խնդիր նկա: «Երբ ուրիշ տեղ տեսնում ենք` նորմալ ենք համարում, բայց երբ մեր աղջիկներին ենք տեսնում այդ վիճակում, սրա-նրա հետ տարբեր ազգությունների, ես որպես հայ մարդ ցավում եմ»,- ասաց Ա. Սարգսյանը:

Օրենսդրությունը մարմնավաճառության համար սահմանել է 1000-1500 դրամ տուգանք, որը ոստիկանապետի կարծիքով` թույլ չի տալիս մարմնավաճառներին կարգի հրավիրել: «Իրենք էլ ընտելացել են, վարժվել են, գիտեն իրենց իրավունքները: Քանի անգամ կարելի է նույն մարդուն տանել-բերել, ու չպատժել, իրականում մնում է անպատիժ»,- ասաց ոստիկանապետը: Նա ընդգծեց, որ խորհրդային համակարգին բնորոշ պրոֆիլակտիկ աշխատանք մարմնավաճառների հետ ներկայումս չի տարվում: Փոխարենը ոստիկանությունը օրենսդրական նախաձեռնություն կցուցաբերի եւ կառաջարկի խորհրդարանին` խստացնել վարչական պատիժները: