Ռուսաստանի ԱԳՆ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հունիսի 24-ին Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Մոսկվան սպասում է, որ «Երեւանն ու Բաքուն կառուցողական կարձագանքեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների՝ մայիսի 26-ի Դովիլյան համատեղ հայտարարությանը, որում երկու երկրների ղեկավարներին կոչ է արվում քաղաքական կամք ցուցաբերել եւ կազանյան հանդիպման ժամանակ ավարտել ԼՂ հակամարտության Հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը»։

«Փաստաթուղթը, որը կքննարկվի Կազանում, կողմերի եւ համանախագահող երկրների համատեղ աշխատանքի կարեւոր շրջանի արդյունք է եւ առաջ շարժվելու ու Խաղաղ պայմանագրի նախապատրաստման իրական հիմք»,- ասված է հայտարարության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ այդ հիմքով կողմերը կհանգեն պայմանավորածության՝ հանուն «խաղաղության, բարգավաճման եւ տարածաշրջանի զարգացման»։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում տեղի կունենա հունիսի 24-ին։