Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի եւ ոստիկանության շենքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանի գործերի միջեւ կապ չկա: Այդ մասին այսօր`հունիսի 23-ին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Դրանք ուղղակի ենթադրություններ են, որ հաճախ մամուլում շրջանառվում են, վերլուծություններ են կատարվում գեղարվեստական թեքումներով»,- ասաց Ա. Սարգսյանը: Նա հերքեց նաեւ այն տեղեկությունը, որ Թամամյամի գործով նոր վկաներ են հայտնվել: 

«Գործն ընթացքի մեջ է, շուտով կուղարկվի դատարան, դատարանի վճռից կիմանաք, թե իրողությունն ինչ է: Ոչ մի նոր մարդ գործում չի հայտնվել»,- վստահեցրեց Ա. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2007-ի մայիսին Լեւոն Գուլյանին հրավիրել են ոստիկանություն ինչ-որ սպանության գործի առնչությամբ` հարցաքննության: Այդ գործը վարում էր Հովհաննես Թամամյանը: Գուլյանին հարցաքննության են տարել ոստիկանության կենտրոնական մասնաշենք, եւ հետագայում ընտանիքին հաղորդել են, որ նա մահացել է՝ ընկնելով երկրորդ հարկի պատուհանից փախուստի փորձ կատարելիս: Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ դա սպանություն է եղել, որին առնչություն է ունեցել Թամամյանը: