Մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը երկու հանգամանքներ են փոփոխվել, որոնք կարող են ազդել բանակցային գործընթացի վրա։ Հունիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Քաղաքագետի խոսքով, առաջին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նվազել է դիպուկահարների ակտիվությունը։ «Թեեւ շփման գծում կրակոցներ են հնչում, սակայն զոհեր չկան։ Նման իրավիճակը կարելի է պայմանավորել Դովիլում երեք նախագահների կոչով, ինչպես նաեւ շփման գծում հայկական կողմի համարժեք պատասխանով։ Բացի այդ, Երեւանի վստահություն է տալիս Ռուսաստանի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Անդրեյ Տրետյակի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը կողքից դիտողի դերում չի մնա»:

Հարությունյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ ռուսական կողմը հայտարարել է, որ անտարբեր չի մնա իրադարձությունների զարգացմանը։ «Հետեւաբար, գոյություն ունի բալանս, որը հայկական կողմին թույլ կտա կազանյան հանդիպմանն ավելի վստահ լինել»։

Նշենք, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Անդրեյ Տրետյակը, խոսելով Ղարւաբաղում առկա իրավիճակի մասին, ասել էր, որ այդ տարածաշրջանում հակամարտւթյան ծագման հավանականությունը տարածաշրջանում դեռեւս մեծ է։

Տրետյակն ընդգծել էր, որ անցած ամռանը Ղրղըզստանում ստեղծված իրավիճակին Ռուսաստանի չմիջամտելը չի կարող նախադեպ ծառայել Ղարաբաղի համար։