Վայոց Ձորի մարզի Ելփին եւ Չիվա գյուղերի մի խումբ բնակիչներ այսօր` հունիսի 23-ին իրենց դժգոհությունն են հայտնել, որ իրենց գյուղերը միմյանց կապող մեծ ճանապարհի խոշոր փլուզումը չի արժանանում պատկան մարմինների ուշադրությանը:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երեւան-Մեղրի եւ մինչեւ Իրանի սահման միջպետական ճանապարհին հսկայական փլուզում է տեղի ունեցել: Փլուզված հատվածն ունի շուրջ 100 մետր երկարություն, 10-12 մետր  լայնություն եւ 3-5 մետր խորություն:

Այս ճանապարհը Երեւանը կապում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի հետ: Փլուզման պատճառով մեծ խցանումներ են առաջանում:

Գյուղացիները  դժգոհություն են հայտնում, որ չկան հատուկ նշաններ նաեւ լուսավորություն, որոնք երեկոյան ժամերին թույլ կտան վարորդներին տեղեկանալ փլուզման մասին:

Այս ճանապարհով անցնում են Իրանից ժամանած մեծ բեռնատարներ եւ մեծ է հավանականությունը, որ վարորդները չնկատելով փլուզումը, գլորվեն ձորը:

Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ֆոտոլրագրողին հայտնել է, որ իրենք տեղյակ են փլուզման մասին, սակայն ոչինչ չեն կարող անել, քանի որ այդ ճանապարհը միջպետական է եւ դրանով պետք է զբաղվի կապի եւ տրանսպորտի նախարարությունը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի