Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարություն է արել, որում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու ղարաբաղյան հակամարտությանը:
Վան Ռոմպեյը, մասնավորապես, ասել է.
«Հուսով եմ, որ Վարշավյան գագաթաժողովը հնարավորություն կդառնա քննարկել քաղաքական համագործակցության եւ երկխոսության զարգացման ուղիները, այդ թվում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման եւ հակամարտության կարգավորման համատեղ ուղղությամբ: Այդ համատեքստում եւ Կազանում ձեր հանդիպումը նկատի ունենալով ես ընդգծել եմ ԵՄ ամուր աջակցությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: Այժմ ժամանակն է լրացուցիչ ջանքեր գործադրել, որ ավարտին հասցվեն հիմնարար սկզբունքների վրա համաձայնագրի պատրաստումը: Դա թույլ կտա սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները: ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:




























