Գրեթե երկու տասնամյակ հանգստից հետո Կոնգոյում ժայթքել է Նյիրագոնգո հրաբուխը, հայտնում է NBC News-ը:
Հրապարակման համաձայն` խուճապահար բնակիչները փորձել են փախնել գրեթե 2 միլիոն բնակչությամբ Գոմայից: Զոհերի մասին դեռ չի հաղորդվում, սակայն, ականատեսների խոսքով, լավան արդեն ծածկել է Հյուսիսային Կիվու նահանգում գտնվող Գոման Բենիին կապող մայրուղին:
Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսեկեդին որոշել է դադարեցնել իր այցը Եվրոպա եւ վերադառնալ Կոնգո` օգնելու համակարգել օգնության ջանքերը: Կառավարությունը հայտնել է, որ սկսվել է տարհանման պլանը, սակայն պաշտոնական հայտարարությունն արվել էր աղետից մի քանի ժամ անց, եւ շատերն արդեն փախել էին` հույս ունենալով անցնել Ռուանդայի սահմանային անցակետը քաղաքի մոտակայքում:
Ռուանդայի միգրացիոն իշխանությունները հայտնել են, որ շուրջ 3000 մարդ արդեն պաշտոնապես լքել է Կոնգոն՝ հրաբխի ժայթքումից խուսափելու համար, հայտնել է ազգային հեռուստաընկերությունը:
Նշենք, որ Նյիրագոնգո հրաբխի վերջին ժայթքումը նկատվել էր 2002 թվականին: Այդ ժամանակ ժայթքումը հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ էր դարձել, լավան ծածկել էր օդանավակայանի թռիչքուղիները, ավելի քան 100.000 մարդ անօթեւան էր մնացել:





























