Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների գագաթաժողովի արդյունքները հիասթափեցնում են, քանի որ չարդարացրեցին այն հույսերը, որոնք փայփայում էին դիտորդները, Trend գործակալությանն ասել է բրիտանական ոչ կառավարական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամութը (Dennis Sammut):
«Սակայն չի կարելի ասել, թե բանակցությունները լիովին տապալվել են, քանի որ կողմերը որոշակի առաջխաղացում են արձանագրում քննարկվող հարցերի առումով, ինչպես նաեւ ցույց են տալիս, որ նախկինի պես հավատարիմ են խաղաղ գործընթացին», - ասել է Սամութը:
Նրա խոսքով` կարեւոր է, որ քննարկումները կշարունակվեն ամենամոտ ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ եւ նախաձեռնությամբ Կազանում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կողմերը չկարողացան ընդհանուր հայտարարի գալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ` չնայած միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կոչերին եւ ակնկալիքներին:
Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ միայն նշվում է, որ պետությունների ղեկավարները «արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը»:




























