Ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Կազան, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Մի քանի ժամից հայկական «թիվ մեկ օդանավը» վայրէջք կկատարի Զվարթնոց օդանավակայանում։

Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Կազան մեկնել էին հունիսի 24-ին։

Բանակցությունների հիմնական թեման դարձել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերը։ Սա, ի դեպ, նման ձեւաչափով երկրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում։

Կողմերը կազանյան Կրեմլում խնդիրը քննարկել են ավելի քան 3 ժամ, սակայն կոնսենսուսի գալ չեն կարողացել։ Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալներով, սեղանին  եղել է մի փաստաթուղթ, որը կողմերի եւ ԵԱՀԿ համանախագահող երկրների համատեղ աշխատանքի կարեւոր շրջանի արդյունք էր։ Այդ փաստաթուղթը, համաձայն Ռուսաստանի ԱԳՆ-ի, հետագա առջընթացի իրական հիմք է։

Հունիսի 24-ի հանդիպման արդյունքներով հայտարարություն է ընդունվել։ Ներկայացնում ենք դրա ամբողջական տեքստը։

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները 2011թ. հունիսի 24-ին հանդիպեցին Կազանում եւ դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը:

Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար եւ բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը»: