Ադրբեջանի ԱԳՆ-ն անսահման երկերեսանիությամբ մեկնաբանել է հայ գերիներին ազատ արձակելու կոչերը՝ հերթական անգամ ամեն ինչ գլխիվայր շուռ տալով:

«Պաշտոնական Բաքուն աջակցում է հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության խաղաղ լուծման եւ դելիմիտացիայի ու դեմարկացիայի անցկացման մասին միջազգային հանրության կոչերը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան:

Միեւնույն ժամանակ, մինչ օրս քաղաքակիրթ աշխարհին դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների միջեւ դեմարկացիայի որեւ օրինակ հայտնի չէ:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աջակցում ենք բանակցությունների ճանապարհով լարվածության թուլացման կոչերին: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն աջակցում է նաեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին»,-ասել է Աբդուլաևան:

Ընդ որում, նա նշել է, որ սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի անցկացման դեպքում անհրաժեշտ է հարգանքով մոտենալ երկու երկրների տարածքային ամբողջականությանը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ Աբդուալեւան նշել է, որ «Ադրբեջանն իր երկրի ԶՈՒ նկատմամբ սադրանքների իրականացման ժամանակ 6 հայ զինծառայողի են ձերբակալել» (ադրբեջանական ստորաբաժանումներն այդ պահին գտնվել են Հայաստանի սահմանից 1,5-2,5 կմ հեռավորության վրա):

«Այն դեպքում, երբ հակահետևակային ականները, որոնք Հայաստանը տեղադրել է Ադրբեջանի ազատագրած տարածքներում, ամեն օր սպառնալիք են ներկայացնում մարդկանց համար, Հայաստանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել այդ ականների գտնվելու վայրի մասին: Այդպիսով, նախքան զինծառայողների փոխանակում առաջարկելը համանախագահները պետք է ուշադրություն դարձնեին նրանց ձերբակալման պատճառներին»,-ասել է նա՝ նշելով, որ համանախագահները կարող են դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում:  

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի այս երկերեսանի հայտարարությունն իսկապես սահմաններ չի ճանաչում: Ադրբեջանը չի կատարում եռակող հայտարարության դրույթները, չի վերադարձնում գերիներին, խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Եվ հենց Ադրբեջանն էր պատերազմի ժամանակ արգելված սպառազինություն օգտագործում: