Հայաստանում իշխանության եկան մարդիկ, ովքեր հետեւողականորեն քայքայեցին բանակի մարտունակությունը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԲԿ-ի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված բացառիկ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու հնարավոր եղավ պատերազմը։

Նախկին նախագահը փաստեց, որ Ադրբեջանում զգացել են Հայաստանի թուլությունը մի շարք պարամետրերով։ «Հայաստանում իշխանության եկան մարդիկ, ովքեր հետեւողականորեն քայքայեցին բանակի մարտունակությունը։ Հասկանո՞ւմ էին նրանք դա, թե՞ չէին հասկանում՝ գալիք, շատ լուրջ պարզաբանման խնդիր է։ Բայց առաջին պատերազմի հերոսների մեթոդական անվանարկումը, բարոյական ոչնչացումը քրեական գործերի շարքն էր, քաղաքական հետապնդումը, մեղադրանքը կոռուպցիայի, ամեն ինչի մեջ։ Բանակային ծառայության, բանակի հանդեպ վերաբերմունքի հետ կապված բազմաթիվ պահերի վերանայում, ինչ-որ բարեփոխումներ բանակում, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեին պաշտպանունակության բարձրացման հետ։ Երկրորդը հակամարտության ռազմական լուծման լեգիտիմացումն էր։ Ըստ էության, բանակցային գործընթացը հայկական կողմը ազգերի ինքնորոշման ոլորտից տեղափոխեց տարածքային ամբողջականության հարթություն։ Նաեւ անհասկանալի է՝ դա արվել է գիտակցաբա՞ր, թե՞ չիմացության, անկարողության ու անգրագիտության պատճառով։ Բայց փաստորեն «Ղարաբաղը Հայաստան է եւ վե՛րջ» հռչակելով՝ նրանք հարցը մտցրին տարածքային ամբողջականության հարթություն։ Իսկ դա նշանակում է ագրեսիայի լեգիտիմացում։ Դե, ասենք՝ Ադրբեջանը «վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը» եւ վերջ»,- իրավիճակը բնութագրեց նախկին նախագահը։

Հարցազրուցավարի նկատառմանը, թե՝ Բաքվում հարցազրույցի ժամանակ նրան ասել են, որ Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկը իրեն նման հայտարարություններ թույլ չի տվել, Քոչարյանն ասաց. «Դա պարզապես հիմարություն էր անել։ Ղարաբաղի գոյությունն իսկ, ողջ բանակցային գործընթացը, Ղարաբաղի անկախության գաղափարը կառուցված էր ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։ Նրանք կոտրեցին այն ամենի փաստարկային հիմքը, ինչի վրա կառուցվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Դա շատ  կոպիտ սխալ էր, դա ագրեսիայի փաստացի լեգիտիմացում է»։

Խոսելով հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու մասին՝ Քոչարյանը դա անվանեց «հայ հասարակության չտեսնված ներքին խառնակչություն»։ «Ախր, եթե դու երկիր ունես, որի հետ, մեղմ ասած, հարաբերություններդ կարգավորված չեն, ուղղակի ասած՝ թշնամական է ընկալումը, ապա առաջինը, ինչ պետք է ցանկանայիր անել, ներքին պառակտում մտցնելն էր։ Փաստորեն, մենք ինքներս արեցինք այն, ինչը պետք է ջանային անել Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հանդեպ։ Եվ նման օրինակներ ես կարող եմ բերել անվերջ քանակությամբ։ Դրա վրա կծախսվի մեր ողջ հաղորդումը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։