Հայաստանի պարտությունը պատերազմում ուժեղ հարված էր նաեւ ռուսական ազդեցությանը տարածաշրջանում։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԲԿ-ի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված բացառիկ հարցազրույցում։

«Որովհետեւ փաստացի ռազմաքաղաքական դաշնակիցը՝ Հայաստանը, պարտվեց։ Փաստացի, Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակիցը շահեց. ինչպես էլ իրավիճակը պտտես, այն ընկալվում է այս տեսանկյունով»,- պարզաբանեց նախկին նախագահը։

Պատասխանելով  Ռուսաստանի հանդեպ Հայաստանում վերաբերմունքի մասին հարցին՝ նախկին նախագահը կարճ նշեց. ընտրությունները ցույց կտան։ «Իմ զգացողությունն այն է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը շարունակում է Ռուսաստանին՝ որպես այս տարածաշրջանում անվտանգության հիմնական երաշխավորի, վերաբերվել միակ երկրի, որը կարող է դիմակայել թուրքական ծավալապաշտությանն այս տարածաշրջանում։ Բավական է նայել քարտեզին։ Իսկ ըստ էության էլ ո՞վ կարող է դա անել։ Բոլորն են հասկանում, որ որոշ շեշտադրումներ փոխվել են, բոլորն են հասկանում, որ Թուրքիան հայտարարում է իր աճած հնարավորությունների մասին, բայց եւ այնպես Ռուսաստանը մնում է միակ երկիրը, որը կարող է սահմանափակել այդ ազդեցությունը։ Ինձ թվում է, որ հասարակության ճնշող մասը դեռեւս չի փոխվել Ռուսաստանի ընկալման հարցում»,- նշեց Քոչարյանը։

Խոսելով վեց գերիների (գերեվարվել են ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածք անօրինական ձեւով ներխուժելու ժամանակ – խմբ.) մասին եւ պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունենում, Ռոբերտ Քոչարյանն ասաց. Հայաստանի Հանրապետության սահմանների պատշաճ պաշտպանվածության բացակայություն։ «Հայաստանի ԶՈւ-ն հիմա այնքան թույլ է, եւ կառավարությունը բավականաչափ ուշադրություն չի հատկացնում անվտանգության հարցերին։ Ես կարծում եմ՝ նրանք համակերպվել են պատերազմի արդյունքների հետ։ Այդ մարդկանց այսպիսի պարտվողական վիճակը թույլ չի տալիս համարժեք որոշումներ կայացնել։ Ողջ շփման գծով մենք պետք է բավական ամուր դիրքեր ունենանք սահմանի երկայնքով։ Եթե դրանք բավարար չեն, եթե տարվել են սեփական տարածքի խորքը, բնականաբար, ադրբեջանցիները առաջ են շարժվելու, լավացնելու են իրենց դիրքերը, հարմարվեն տեղանքին՝ որտեղ է շահավետ, որտեղ՝ շահավետ չէ։ Միեւնույն ժամանակ, ոգեւորված եւ հաղթողի թրենդում լինելով՝ նրանք իրենց թույլ են տալիս քայլեր, որոնք ակնհայտորեն ընկալվում են որպես ագրեսիա»,- ասաց նախկին նախագահը։

«Զանգեզուրի միջանցքի» հանդեպ ադրբեջանցիների ախորժակի վերաբերյալ պետության նախկին ղեկավարն ընդգծեց Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության զսպող գործոնը եւ ռուսական կողմի հետ երկկողմ պայմանագրի առկայությունը։ «Ես կարծում եմ, որ դա ամենազսպող փաստն է այս իրավիճակում։ Ինչ-որ մեծ սպասումներ ՀԱՊԿ-ից չունեմ։ Այդ մասին ասում եմ հրապարակավ։ Ցավոք, մեր իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի ինչ-որ իմաստով մթագնեն մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործն էր, եւ երկկողմ առումով Ադրբեջանն անհամեմատ ավելի ջերմ հարաբերություններ ունի ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների հետ։ Ռուսաստանն այս առումով կարծես առանձին լինի։ Բայց որոշումները կայացվում են կոլեկտիվ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։