ՀՀ խորհրդարանը եւ կառավարությունը կրճատել են պարգեւավճարների եւ արտասահմանյան ուղեւորությունների ծախսերը։ Այս մասին ասվում է 2020թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունում, որի քննարկումները հունիսի 2-ին շարունակվում են խորհրդարանական մշտական հանձնաժողովներում։
Մասնավորապես, Հայաստանի նախագահի աշխատակազմին հատկացվել էր 1,6 մլրդ դրամ, որոնցից 119 մլն դրամ խնայվել եւ ուղղվել է բյուջե։ Ընդ որում՝ արտասահմանյան ուղեւորությունների ծախսերը կրճատվել են 90,5 մլրդ դրամով։
Խորհրդարանին հատկացվել էր 6,1 մլրդ դրամ։ Դրանցից հաջողվել է խնայել 830 մլն դրամից մի փոքր ավելի։ Այստեղ խնայողությունը նույնպես ապահովվել է ի հաշիվ պարգեւավճարների եւ արտասահմանյան ուղեւորությունների կրճատման։
Միեւնույն ժամանակ, վարչապետի ապարատի ծախսերն ավելացել են՝ 23,7 մլրդ-ից հասնելով 26 մլրդ դրամի։ Դա հիմնականում տեղի է ունեցել այլ գերատեսչություններից ծրագրերի վերաբաշխման պատճառով։ Մասնավորապես, արդարադատության նախարարությունից վարչապետի ապարատին է փոխանցվել Հայաստանի շահերի պաշտպանությունը միջազգային արբիտրաժներում եւ դատարաններում։
Նշենք նաեւ, որ վարչապետի ապարատում 2020թ. գրեթե լիովին (98 տոկոսով) կրճատվել են արտասահմանյան ուղեւորությունները. դրանց համար մնացել է ընդամենը 8 մլն դրամ։





























