Որպես քաղաքացի եւ պաշտոնյա՝ ես պարտավոր եմ ամեն ինչ անել, որպեսզի փաստացի ստատուս քվոն, այդ թվում՝ Տավուշի մարզում, չխախտվի ի վնաս Հայաստանի: Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը:
Խոսելով Տավուշի մարզի սահմանի մասին՝ նա պարզանեց, որ դիտարկում է այն գիծը, այն սահմանը, որտեղ կանգնած էին հայ զինվորները: Պաշտոնյան հիշեցրեց, որ երկու տարի զբաղեցրել է Տավուշի մարզպետի պաշտոնը եւ մի քանի անգամ անդրադարձել է այդ թեմային: «Իմ դիրքորոշումը չի փոխվի: Ես չգիտեմ, թե ով եւ ինչ է անելու»,- խոստովանեց նախարարի պաշտոնակատարը:
Ըստ նրա՝ ռիսկերը հաղթահարելու համար անհրաժեշտ է գնալ տնտեսության, ռազմարդյունաբերական համալիրի եւ զինված ուժերի զարգացման ուղիով: «Անհրաժեշտ է վերականգնել զինված ուժերի ներուժը, աշխատել անվտանգության համակարգում հնարավորությունների բարելավման ուղղությամբ: Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ներկայիս իրավիճակը պատերազմի չվերածվի: Կարեւոր է, որպեսզի մարդիկ կոնկրետ աշխատանք կատարեն եւ ոչ թե պարզապես խոսեն: Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է առավելագույնս կատարի իր գործը եւ պատասխանատու լինի, առաջին հերթին, իր առաջ: Ոչ ոք չպետք է զլանա փնտրել իրենց սխալները եւ ուղղել դրանք»,- եզրափակեց Չոբանյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Հայաստանում իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Գալումյանը հայտարարեց, որ քարտեզով Տավուշի մարզում Բարխուդարլու, Սոֆուլու, Հեյրիմլի, Ոսկեպար անկլավներն ադրբեջանական տարածքներ են՝ չբացառելով, որ հանձնաժողովը, որը կարող է ստեղծվել, կորոշի, որ դրանք հայկական են:
Նշենք, որ Ադրբեջանն ԱՍՍՀ-ի իրավահաջորդ չէ եւ «խորհրդային սահմաններին» հղումներն անտեղի են: Էլ ավելի զարմանալի է այն փաստը, որ իշխող ուժի պատգամավորը չի նշում հայկական անկլավները:





























