Հայաստանում նախընտրական տենդ է: Գրեթե 30 քաղաքական ուժեր կփորձեն համոզել անդրկովկասյան հանրապետության բնակիչներին, որ հենց իրենց պետք է վստահել Հայաստանը այն անդունդից դուրս բերելու առաքելությունը, որտեղ նա հայտնվել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի կառավարման երեք տարիների ընթացքում: Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ աղետին հանգեցրած պատճառների մասին շատ մանրամասն խոսվել է RT-ի վերջերս ցուցադրած «Փոփոխությունների գինը։ Իշխանության համար պայքարի պոպուլիզմն ու տեխնոլոգիաները» ֆիլմում: Այդ մասին գրում է «Ռազմական դիվանագետ» ռուսական թերթը:
«Ու թեեւ ֆիլմն ինքնին նվիրված էր Հայաստանին եւ Փաշինյանին՝ նրա թիմի հետ միասին, սակայն, այնտեղ խոսվում էր նաեւ Ալեքսեյ Նավալնու եւ այն մեթոդների մասին, որոնք նա օգտագործում է Ռուսաստանում իշխանության գալու համար: Եւ պետք է ասել, որ շատ ընդհանրություններ կան երկու քաղաքական գործիչների ու նրանց կողմից կիրառվող մեթոդների ու տեխնոլոգիաների միջեւ, մասնավորապես՝ անսանձ պոպուլիզմը եւ դիլետանտիզմը: Տեղեկատվական տեխնոլոգիաների նույն հմուտ օգտագործումը մարդկանց ուղեղները լվանալու եւ առկա օբյեկտիվ խնդիրները օգտագործելու համար՝ իշխանություններին եւ ամբողջ պետությանը ամբողջությամբ վարկաբեկելու նպատակով: Կարելի է հիշել նաեւ անչափահասների ակտիվ ներգրավումը քաղաքական պայքարում:
Հատկանշական է, որ Փաշինյանի ու Նավալնու առաջին համեմատությունները սկսվել էին դեռեւս 2018-ի գարնանը «թավշյա հեղափոխության» օրերին: Այն ժամանակ հայ ընդդիմադրի անսպասելի հաջողության ֆոնին հայկական եւ ռուսական սոցիալական ցանցերը լցվել էին երկու քաղաքական գործիչներին պատկերող մեմերով, որոնցում Փաշինյանը հանդես էր գալիս որպես «մորս ընկերուհու որդին» կերպարով՝ որպես օրինակ Նավալնու համար:
Միեւնույն ժամանակ, եթե նախնական փուլում Փաշինյանը գոնե փորձում էր թաքցնել իր կապերը արտասահմանյան ուժերի հետ (այդ կապերի մասին վկայում էին նրա թիմի հայտնի անդամների կենսագրությունները), ապա Նավալնու դեպքում արեւմտյան տերությունների աջակցությունը թաքցնելու ոչ մի փորձ չի արվում: Շատերն են վստահ, որ իշխանության համար Նավալնու պայքարը առնվազն կթուլացնի Ռուսաստանը, իսկ առավելագույնը, եթե նա հաջողության հասնի եւ գա իշխանության, կնշանակի Ռուսաստանի աշխարհաքաղաքական կապիտուլյացիա Արեւմուտքի առջեւ: Իսկ որ Նավալնու իշխանության գալու դեպքում դա անխուսափելի է, կասկած չկա: Չէ որ մարդը, որն արդեն սկսել է ակտիվորեն մասնակցել իր հայրենիքի դեմ օտարերկրյա պետությունների գործողություններին, դժվար թե կարողանա հերքել դա եւ չկատարել իր արտասահմանյան հովանավորների ցուցումները:
Ռուսաստանցիները պետք է նաեւ հասկանան, որ, ի տարբերություն միաէթնիկ եւ միակրոն Հայաստանի, ներքին ցնցումների եւ բախումների ընթացքը, հասարակության մեջ պառակտումների ուժեղացման գործընթացը, որն այժմ Նավալնին է ղեկավարում, Ռուսաստանին սպառնում է ոչ միայն արտաքին քաղաքական խնդիրներով, այլեւ երկրի ներսում արյունահեղությամբ: Չնայած՝ հաշվի առնելով Նավալնու բնավորությունը, դժվար թե դա նրան կանգնեցնի: Այս առումով կարելի է միայն հիշեցնել Ռուսաստանի «կրեատիվ խավի»՝ մտավորականության մասին, որը դարձավ 1917-ի հեղափոխության եւ դրան հաջորդած քաղաքացիական պատերազմի գլխավոր զոհերից մեկը: Հենց այդ կրթված խավն էր, որ տասնամյակներ պայքարեց իշխանությունների դեմ, ամեն ինչ արեց հեղափոխության համար, այնուհետեւ մնաց իր ավերած պետության փլատակների տակ:
Ի դեպ, վերադառնալով Փաշինյանի եւ Նավալնու միջեւ զուգահեռներին, այժմ Հայաստանում Փաշինյանի եւ նրա օտարերկրյա հովանավորների հիմնական մրցակիցը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ում այս տարիների ընթացքում Փաշինյանն ու նրա հետ կապված ուժերը ամեն կերպ հրեշ էին ներկայացնում: Սակայն վերջին տարին ցույց տվեց, որ 2018-ի գարնանը Հայաստան է եկել «ոչխարի մորթով գայլ», որի իրական հանցանքներն ու մեղքերը չեն կարող համեմատվել նույնիսկ այն առասպելական մեղքերի հետ, որոնք նա վերագրեց Քոչարյանին եւ ՀՀ նախկին իշխանություններին այս տարիների ընթացքում: Փաշինյանի իշխանության արդյունքը պատերազմում 5000 զոհն է (երեք միլիոն բնակիչ ունեցող երկրի համար սա ահռելի թիվ է), Լեռնային Ղարաբաղի տարածքների 75%-ը հանձնելը եւ ընտրություններից հետո Ղարաբաղից ամբողջությամբ հրաժարվելու եւ բուն ՀՀ տարածքի հաշվին զիջումներ անելու պատրաստակամությունը: Էլ չենք ասում ավերված տնտեսության եւ գրեթե բոլոր ոլորտների փլուզման մասին:
Եւ բոլորին, ովքեր կարծում են, որ «ավելի վատ չի կարող լինել», պետք է պարզապես ուսումնասիրել Հայաստանի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների փորձը, որտեղ «կոռուպցիայի դեմ» եւ «պայծառ ապագայի համար պայքարողները» շատ արագ ապացուցեցին, որ «ավելի վատ կարող է լինել», եւ եւ այն էլ շատ ավելի վատ: Եւ դիլետանտներից ու դեմագոգներից հետո հենց նախկին ղեկավարներն են, որ հաճախ ստիպված են վերադառնալ քաղաքականություն եւ փորձել փրկել իրենց երկիրը վերջնական փլուզումից»:





























