Իսրայելի իշխանություններն արտասահմանցի լրագրողներին խորհուրդ են տվել հրաժարվել նոր «ազատության նավատորմին» ուղեկցելուց, որը պետք է ճեղքի Գազայի հատվածի ծովային շրջափակումը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Իշխանությունների հայտարարությունում ասվում է, որ լրագրողները, ովքեր կգտվեն նավերի վրա, հետագա տասը տարիներին չեն կարողանա մուտք գործել Իսրայել։
Գազայի հատված հումանիտար օգնություն տանող տասը նավերն այնտեղ կուղեւորվեն մոտ օրերս։
Նշենք, որ 2010 թվականի մայիսին վեց նավից բաղկացած եւ 10 հազար տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող «ազատության նավատորմը» փորձել էր ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը։ Այն ժամանակ իսրայելական հատուկ ջոկատայինների գրոհի արդյունքում Թուրքիայի տասը քաղաքացիներ էին զոհվել։
Գազայի հատվածի ծովային շրջափակումն Իսրայելի կողմից շարունակվում է 2007 թվականի սեպտեմբերից։




























