2020 թ․ Հայաստանի առողջապահության նախարարության ծախսերը 35 մլրդ դրամով գերազանցել են պլանը եւ կազմել են 144 մլրդ դրամ: Այս մասին նշված է 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ, որի վերաբերյալ լսումներ են անցկացվում Ազգային ժողովում:

Մասնավորապես, 3,4 մլրդ դրամ հատկացվել է Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Շտապօգնության աշխատանքի համար հատկացվել է մոտ 5,2 մլրդ դրամ: Շտապօգնության մեքենաները սպասարկել են 592 000 կանչ, իսկ սանիտարական ավիացիան 2074 ժամ կամ նախատեսվածից համարյա 10 անգամ շատ թռիչքներ է կատարել՝ կորոնավիրուսի համավարակի եւ ռազմական գործողությունների պատճառով: Բացի այդ, 2020 թ․ Հայաստանը ձեռք է բերել 21 ռեանոմոբիլ:

Բացի այդ, 26,5 մլրդ դրամ հատկացվել է կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների դեմ պայքարին: Վիրուսի ախտորոշման համար հատկացվել է 1,1 մլրդ դրամ, իսկ պատվաստանյութեր գնելու համար՝ 2020-ի վերջին, որպես կանխավճար՝ 890 միլիոն դրամ:

Միեւնույն ժամանակ, 656 մլն դրամ տրամադրվել է սարքավորումների ձեռքբերման համար (համաշխարհային դեֆիցիտի պատճառով գնումները թերակատարվել են 10-ից մի փոքր ավելի տոկոսով): Նույն թեմայով եւս 1,7 մլրդ դրամ է հատկացվել Համաշխարհային բանկի, իսկ 987 միլիոն դրամ՝ Ասիական զարգացման բանկի ծրագրով:

Այլ միջոցառումներից շուրջ 3,3 մլրդ դրամ հատկացվել է դեղորայքի ձեռքբերման, իսկ շուրջ 9 մլրդ դրամ`երեխաներին բժշկական օգնության տրամադրման համար: Կառավարության բարեփոխումներին համապատասխան, մինչեւ 18 տարեկան երեխաները ստանում են անվճար բժշկական օգնություն: 2020 թ․ օգնություն է ցուցաբերվել մոտավորապես 75 000 երեխաների, ինչը մոտ 14 հազարով պակաս է, քան 2019-ին (նաեւ այն պատճառով, որ համավարակի ընթացքում, նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին, դադարեցվել էր պլանային բժշկական օգնությունը):

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար հատկացվել է 15,1 մլրդ դրամ է, կամ նախատեսվածից շուրջ 1,4 մլրդով ավելին:

Բացի այդ, 18.3 մլրդ դրամ հատկացվել է անապահով ընտանիքների բժշկական օգնության համար, 3,3 մլրդ դրամ` ուժային մարմինների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների (չհաշված վիրավորներին օգնությունը), եւ 3,8 մլրդ դրամ` պետական ծառայողների բժշկական օգնության համար: